Նոր ռազմավարության շրջանակում նախատեսվում է հաստատել սողանքային ռիսկի կառավարման պլան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունում սողանքային երևույթները լայն տարածում ունեն։ Սողանքային տեղամասերի մակերեսը 1216 քառակուսի կմ է, ինչը կազմում է հանրապետության տարածքի 4,1/%-ը։
Այսօր հանրապետության 233 համայնքներ գտնվում են սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ և այլ կենսաապահովման օբյեկտներ։
«Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ունենք գրանցված բոլոր սողանքային տարածքները քարտեզագրված, գույներով, թե որ սողանքները որ բնակավայրերի մոտ են գտնվում կամ հիմնական ճանապարհների մոտ են գտնվում և ինչին են սպառնում»,-ասում է Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Կարապետյանը:
ՆԳ նախարարության կողմից մշակման փուլում է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո կունենանք սողանքներին վերաբերող մի շարք միջոցառումներ, որոնք կվերաբերեն նաև մյուս տեսչություններին:
«2023 թ. հոկտեմբերի 5 ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը 2023-2026 թթ. համար: Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված են մի շարք ուղղություններ, այդ թվում՝ սողանքային ռիսկի կառավարման համակարգի զարգացումը, որի շրջանակներում նախատեսվում է հաստատել սողանքային ռիսկի կառավարման պլանը»,-ասում է ՌՊՔՄՄՎ աղետների ռիսկի և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Մերուժան Խաչատրյանը:
Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետ , «Սողանքային աղետի կառավարման ծրագրի» շրջանակներում, 2004-2006 թթ. ևս բացահայտվել են սողանքային տեղամասեր, տեղադրվել են չափիչ սարքեր։ Այս պահին էլ ծրագրի և այլ միջոցառումների շրջանակում սողանքային մարմնի ակտիվության մասին տվյալներ են հաղորդվում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկել իրավիճակը։
Փորձագետի խոսքով՝ հազվագյուտ դեպքերում է, երբ սողանքը միանգամից ակտիվանում և սահում է: Դա տեղի է ունենում փուլ առ փուլ, ուստի մշտադիտարկման միջոցով հնարավոր է կանխատեսել և կանխարգելել այն։
«Եթե գիտենք սողանքային տեղամաս է, առավելագույնս չպետք է ծանրաբեռնել այդ հատվածը, այսինքն՝ իր վրա ոչ մի կառույցներ չպետք է լինեն, ոռոգումը և ջրերը կանոնակարգված պետք է լինեն, որպեսզի հնարավորինս քիչ ջուր մտնի այդ հատված»,-ասում է ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Եթե, այդուհանդերձ, սկսվել է սողանք, ապա պետք է հնարավորինս արագ լքել սողանքավտանգ տարածքը և հեռանալ անվտանգ վայր։
Ընդհանուր առմամբ՝ 2000-2024 թթ. ՀՀ-ում տեղի է ունեցել 178 սողանք, որոնց հետևանքով ունեցել ենք 7 զոհ, 5-ը՝ Տավուշում, իսկ 2-ը՝ Սյունիքում տեղի ունեցած սողանքների հետևանքով։
Կառավարության 2021-2026 թթ. գործունեությանն ուղղված միջոցառումների ծրագրով իրականացվում է սողանքային վտանգավոր 6 տեղամասերի հետազոտություն, ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ: Արդյունքում կապահովվեն բնակչության պաշտպանությունը, շենք-շինությունների, ենթակառուցվածքների և հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը։