Բացել լրահոսը Փակել լրահոսը
45
A A
Հասարակություն

Առաջին անգամ 2020-2024 թթ․ ընթացքում նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում Արարատյան դաշտում

 
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող հետազոտությունները ցույց են տալիս, որ 2020-2024 թթ․ ընթացքում առաջին անգամ նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում Արարատյան դաշտում: Չնայած դրան՝ խնդիրը շարունակում է մնալ արդիական:
 
2024 թվականին Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) սպիտակ արագիլների աղտոտվածությունը, ըստ բների, կազմում է 42,5 % (15,6 % նվազում՝ 2023 թվականի համեմատ), մասնավորապես՝
 
Արարատի մարզում սպիտակ արագիլների աղտոտվածությունը, ըստ բների, կազմում է 56,7 % (9,1 % նվազում՝ 2023 թվականի համեմատ):
🔹 Արմավիրի մարզում՝ 30,6% (21,3 % նվազում՝ 2023 թվականի համեմատ):
❗Աղտոտվածության արեալն Արարատյան դաշտում, ընդհանուր առմամբ, նվազել է 1 %-ով:
Նկատվում է նաև մեկ առանձնյակի վրա աղտոտման ինտենսիվության նվազում՝ «շատ աղտոտված»-ից դեպի «թույլ աղտոտված», սակայն դեռևս առկա են բավականին մեծ քանակությամբ «շատ աղտոտված» առանձնյակներ:
📍2024 թվականի հաշվառման ընթացքում պարզ դարձավ, որ աղտոտման խնդիրը մասամբ ներառում է նաև Երևանը, Արագածոտնի և Կոտայքի մարզերը:
Աղտոտման նվազումը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական և մարդածին հանգամանքներով, որոնք ավելի հստակ հնարավոր կլինի ցույց տալ վերլուծության ավարտից հետո:
 
Հիշեցնենք, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից մեկնարկել է «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը՝ պայմանավորված սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածության հիմնախնդրով։ Աշխատանքների շրջանակներում իրականացվել է Արարատյան դաշտում (Արմավիրի և Արարատի մարզեր) թռչնատեսակի հաշվառում, աղտոտածության աստիճանի և արեալի բացահայտում, ինչպես նաև օղակավորման, նմուշառման և արբանյակային տվիչների տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի հետ համագործակցությամբ։
 
Հարկ է նշել նաև, որ 2024 թվականը սպիտակ արագիլների միջազգային հաշվառման տարին է, որը կոորդինացնում է Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU)։ Միության հայաստանյան մասնաճյուղը, միանալով հաշվառմանը, այս տարի իրականացրեց սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։