Արցախցիներին աջակցելուն ուղղված ի՞նչ ծրագրեր է իրականացնում ՀԲԸՄ-ն
Աջակցիր «Ա1+»-ինՀայ բարեգործական ընդհանուր միությունը նախապատերազմական շրջանում էլ արցախցիների համար տարաբնույթ ծրագրեր էր իրականացնում։ Արցախում միության գրասենյակ էր գործում, որը չորս ուղղություններով ծրագրեր էր իրականացնում։
«2020 թվականի պատերազմից հետո և շրջափակման ընթացքում այդ ծրագրերն ուղղվեցին բնակչության դիմակայունության բարձրացմանը։ Օրինակ՝ մանկավարժների ու բուժաշխատողների հետ առաջին բուժօգնության, Արցախի էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ «Սովորիր և վաստակիր» ծրագրի շրջանակներում իրականացվում էին դասընթացներ՝ առավել պահանջված մասնագիտությունների, ինչպես նաև միջանկյալ մասնագիտությունների՝ օրինակ՝ անգլերեն լեզվի ուսուցման ուղղությամբ, որն իրականացվել էր Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ»,- Ա1+ի հետ զրույցում ասում է ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ բռնի տեղահանումից հետո միության ծրագրերն այլ ընթացք են ստացել։
«Արտակարգ իրավիճակներում մարդկանց առաջնային կարիքները հոգալու ծրագրերն առաջին պլան մղվեցին։ Դրանք ենթադրում էին տաք սննդի մատակարարում, որն իրականացվում էր կենտրոնացված վայրերում, որոնք ունեին խիտ բնակեցված արցախցիների վիճակագրություն։ Ծրագիրն իրականացվեց համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի գործընկերների հետ»։
Այնուհետև, միությունը ձեռնամուխ եղավ երկրորդ՝ միջնաժամկետ կարիքները հոգալու ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված էին մարդկանց առողջապահական և հոգեբանական կայունությունն ապահովելուն։
«Արցախցիների համար գործարկվեց ՀԲԸՄ պոլիկլինիկան, որն առաջնային բուժօգնության կանխարգելման և հիվանդների կրթության օղակ էր։ Պոլիկլինիկան գործարկվեց՝ աշխատանքի վերցնելով արցախցի բուժաշխատողների և սկսեց սպասարկել ինչպես նախկինում ունեցած իր բուժառուներին՝ սիրիահայերին և լիբանանահայերին, այնպես էլ արցախցիներին։ Պոլիկլինիկան ունի սրտաբանի, ակնաբույժի, գինեկոլոգի և մանկաբույժի ծառայություններ։ Հետտրավմատիկ իրավիճակներում սթրեսների հաղթահարման նպատակով վերջերս նաև հոգեբանի ծառայություն է մատուցվում պոլիկլինիկայում»,-ասում է զրուցակիցս։
Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից արցախցի երեխաների և մայրիկների համար կազմակերպվեցին եռօրյա, ինչպես նաև ամառային ճամբարներ, որոնք ենթադրում էին հոգեբանական, վերականգնողական և զարգացնող միջոցառումներ։ Օրինակ՝ մայրերի համար կարիերայի կողմնորոշում, հոգեբանական աջակցություն և բազային գիտելիքների ուղղորդում։
Միության կողմից իրականացվող ծրագրերի շարքում առանձնահատուկ դերակատարություն ունեն երկարաժամկետ ծրագրերը, որոնց նպատակն է բարձրացնել Արցախի բնակչության ֆինանսական ապահովումն ու դիմակայությունը։
«Դա նախատեսվում է իրականացնել մի քանի ուղղություններով՝ վերապատրաստումների՝ մասնագիտական հմտությունների, հարմարվողականության՝ Հայաստանի կոնտեքստում, ինչպես նաև աշխատանքի տեղավորման և ձեռներեցության հնարավորության միջոցով մարդկանց ֆինանսական կայունությունն ապահովելու ուղղությամբ»։
Միության տնօրենի խոսքերով՝ բոլոր դասընթացների ուղղությունները որոշվել են նախնական կարիքների գնահատման արդյունքում, որը բավականին լայնամասշտաբ աշխատանք է։ Առաջնահերթությունների շարքում եղել են այնպիսի մասնագիտությունները, որոնց պահանջարկն առկա է շուկայում, ընտրվել է այնպիսի մասնագիտությունների ուսուցում, որոնք թույլ կտան կարճաժամկետ վերապատրաստումների միջոցով մարդկանց հասցնել աշխատունակության։ Դրանք ներառում են տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման, գյուղատնտեսության և ձեռներեցության ոլորտի մի շարք ուղղություններ։
«Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Արցախն ուներ յուրահատկություններ, այդ թվում նաև աշխատաշուկայի և տաղանդների, մարդկային ներուժի առանձնահատկությունը, որը պետք էր անպայման ամրագրել և դրանց վրա կապիտալիզացիա իրականացնել։ Դա մեղվաբուծությունն է, խոհարարությունը։ Ակնառու էր, որ այդ ուղղություններով մարդիկ փորձ և հմտություն ունեին և դրա վրա կարելի էր կառուցել նոր մասնագիտություններ, ստեղծել նոր ձեռներեցության հնարավորություններ»,- նշեց Մ․Մխիթարյանը։
Այս պահին ավարտվել է միության «Սովորիր և վաստակիր․ Արցախ» ծրագրի հայտերի ընդունումը՝ հաշվապահական հաշվառում, մարքեթինգային գործիքներ, մարդկային ռեսուրսների կառավարում, էլեկտրիկների պատրաստում անվճար դասընթացների ուղղությամբ։ Դասընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել 400-ից ավելի մարդ։ Երկարաժամկետ ծրագրերում Արցախի և արցախցիների խնդիրների բարձրաձայնումն է՝ տեղական և միջազգային հարթակներում՝ նշում է միության գործադիր տնօրենը։
«Այդ ուղղությամբ ունենք նախաձեռնություններ գործընկեր Սփյուռքի կազմակերպությունների հետ։ Մի քանի խոշորագույն կազմակերպություններ միավորվել են աշխատանքային խմբում, որոնց մեջ է նաև ՀԲՄԸ, Աֆեյան հիմնադրամը, Թուֆենկյան հիմնադրամը, Հովնանյան հիմնադրամը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը։ Բացի միջազգային ջատագովումից ու միջազգային շահերի պաշտպանությունից, որն այս պահին ընթացքի մեջ է և հետազոտական աշխատանքներ են իրականացվում Արցախի շահառուների սոցիալական կարիքները հոգալու և զարգացման նոր ծրագրեր մշակելու ուղղությամբ՝ մենք ունենք նաև տեղական լսարանի համար Արցախի խնդիրն ակտուալ պահելու միջոցառում, որն իրականացնում ենք Արցախի կոնֆերանս կենտրոնի համաշխատարանի ստեղծման միջոցով։ Դա Վահե Կարապետյան կենտրոնում՝ պոլիկլինիկային և հանրակացարանին զուգահեռ կառուցվող շենքն է, որտեղ գործելու է նաև Արցախի զարգացման ծրագրերի համար նպաստավոր միջավայր՝ կոնֆերանսների և գիտաժողովների միջոցով առկա խնդիրները վեր հանելու հնարավորությամբ։ Ընդհանուր առմամբ, ՀԲԸՄ ընդհանուր ծրագրերի մեծ բաժինն Արցախին ուղղված՝ արձագանքող ծրագրերն են, բայց հույս ունենք, որ դրանք պրոակտիվ ընթացք կստանան, երբ արդեն սոցիալական և առաջնային խնդիրները կնահանջեն, և մենք հնարավորություն կունենանք զարգացման ծրագրեր իրականացնել՝ մարդկանց տաղանդն ամբողջությամբ բացահայտելու և իրացնելու Հայաստանում, ինչու չէ նաև՝ աշխարհում»,- ասում է Մարինա Մխիթարյանը։
Անահիտ Պետրոսյան