Անուշը պետական աջակցության ծրագրի շրջանակներում վարսահարդարման դասընթացների է մասնակցում. 20 ամյա մանկավարժական ստաժը մի կողմ է դրել
Աջակցիր «Ա1+»-ին2020 թվականի սեպտեմբերից հետո Արցախում կյանքն այլ գույներ ստացավ։ Թեկուզ անորոշության մեջ՝ արցախցին շարունակում էր ապրել և պայքարել։
«Դասավանդում էի Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ինձ ամբողջությամբ նվիրելի էի դպրոցին ու սաներինս»,- Ա1+-ի հետ զրուցում ասում է Անուշ Հակոբյանը։ Մինչ այդ տիկին Հակոբյանն Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի միջնակարգ դպրոցում էր դասավանդում։ Դպրոցը մշտապես աչքի էր ընկնում հանրապետական օլիմպիադաներում առաջնակագ տեղեր զբաղեցնելով։ «Մանկավարժների ընտանիք էինք։ Ամուսնուս հայրը, մայրը, ամուսինս ու ես՝ ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականության, նախնական զինվորական պատրաստություն էինք տասնյակ տարիներով դասավանդում դպրոցում։ Տղաս առողջական խնդիրներ ուներ և ստիպված էինք մայրաքաղաք տեղափոխվել»։
Դպրոցից դուրս իրեն երբեք չի պատկերացրել, ապրել է սիրած մասնագիտությամբ, իր հարեհաս աշակերտներով։ «Մտնելով դասարան մոռանում էի ամեն ինչ։ 2023թ. սեպտեմբերի 19-ը մեզանից խլեց ամեն ինչ, նույնիսկ՝ հավատ մարդկության հանդեպ։ Մղձավանջի, ցավի ու տառապանքի միջով էինք անցնում։ Անգիտակից, անհայրենիք ու անտուն գնում էինք դեպի անորոշություն»։ Արցախից ճանապարհվելուց հետո՝ ծանոթների միջոցով բրոքեր են գտել, կապվել հետը՝ բնակարան վարձակալել։ Սակայն տեղ հասնելով՝ պարզվել է ոչ բրոքերը կա, ոչ էլ վարձակալած բնակարանը։ Մնացել են ձեռնունայն, առանց գումարի և առանց տանիքի։ «Պարզվեց, որ մարդկանց ծանրագույն վիճակում անպատասխանատուներ եղան, ովքեր օգտվեցին անելանելի դրության մեջ գտնվող մարդկանց հոգեբանական ծանր վիճակից ու ստորաբար խաբեցին։ Ու մեր ընտանիքը միակը չէր»։ Չուզեցին ոստիկանություն դիմել, քանի որ հասկացել են՝ ապարդյուն են լինելու ջանքերն էլ, ծախսած ժամանակն էլ։ «Հիասթափությունս սահման չուներ, սակայն հասկանում էի, որ շրջապատում բազմաթիվ բարի, կամեցող մարդիկ կան, ովքեր պատաստակամ են օգնության ձեռք մեկնելու, բարձրացնելու»,- ասում է մանկավարժը։ Տան փնտրտուքը շարունակվում էր, ընտանիքը մեծ էր, ոչ բոլոր վարձատուներն էին համաձայնում 6 հոգանոց ընտանիքի ընդունել։
«Վարձակալությամբ տուն գտնելուց հետո, մի փոքր թեթևացած էինք զգում։ Սակայն բարձր բնակվարձը խորհելու տեղիք էր տալիս։ Մտածում էինք մի երկու ամիս մնանք, հետո ավելի հարմար տուն կգտնենք՝ կտեղափոխվենք։ Տանտիրոջ կողմից ընդառաջումը բնակվարձի հարցում ետ պահեց այդ որոշումից ու ահա 8 ամսից ավելի է նույն տանն ենք ապրում»։
Ինտեգրումն անցնցում չի անցել մանկավարժների ընտանիքում։ Գյուղական առօրյային սովոր մարդը բնակարանում դժվարությամբ է հարմարվում։ «Ուզես, թե չուզես պիտի ինտեգրվես։ Այդ ուղղությամբ երկար ենք խոսել, խորհել։ Եթե չես կարողանում փոխել, ուրեմն պիտի հարմարվես։ Արցախում կյանք ենք թողել, այստեղ գոյություն ենք քարշ տալիս։ Հայրենիք կորցրած մարդու աչքին ոչինչ չի երևում»։ Ընտանիքում մասնագիտությամբ ոչ մեկը չի աշխատում։ Ամուսինն անելանելի վիճակից դրդված գնացել է առաջին հանդիպած աշխատանքին։ Աղջիկն այս տարի համալսարան է ընդունվել։ Ասում է՝ բարձր բալերով է ընդունվել, անվճար է սովորելու։ «Ամուսինս է միայն աշխատում այս պահին՝ որպես անվտանգության աշխատակից։ Արցախում նա դպրոցում զինղեկ էր աշխատում։ Նաև գյուղի աշխարհազորայինների կազմում էր ընդգրկված»։ Անուշը պետական աջակցության ծրագրի շրջանակներում վարսահարդարման դասընթացների է մասնակցում։ 20 ամյա մանկավարժական ստաժը մի կողմ է դրել։ «Բռնագաղթի ճանապարհին ինքս ինձ խոսք եմ տվել, դպրոց ոտք եմ դնելու կրկին Արցախում։ Այստեղ մեզ գրկաբաց են ընդունել ու անհրաժեշտ ուսուցում ստանալուց զատ ստեղծված է այնպիսի ջերմ ու հարազատ միջավայր, որտեղ մենք մեզ արժևորված ենք զգում։ Հետևողական են, որպեսզի հմտություններ զարգացնելու գործում չթերանանք, հետագայում յուրացրած արհեստը ընտանիքների համար եկամտի աղբյուր ծառայեցնելու գործում։ Ստեղծված բարենպաստ շրջապատի շնորհիվ կարողացանք նաև հոգեբանական խնդիրները հաղթահարել, քանի որ մինչև Հայաստան հասնելը դաժան խաղ խաղացին մեզ հետ, ուստի այս միջավայրը ստացած առաջին դառը տպավորությունը ցրել է»,- ասում է տիկին Հակոբյանը։ Այս պահին ընտանիքին մտահոգող ամենաառաջնային հարցը բնակարանայինն է։ Համաձայն չեն ՀՀ կառավարության կողմից առաջարկվող բնակարանային ծրագրին։
«Ամուսնուս ծնողները Ներքին Սզնեքում երկհարկանի առանձնատուն ունեին, մենք Ստեփանակերտում էինք վերջին տարիներին բնակարան ձեռքբերել։ Հիմա ստեղծված պայմաններից ելնելով միասին ենք ապրում, որպեսզի ֆինանսական առումով կարողանանք ծայրը ծայրին հասցնենք։ Փոխհատուցում կոչվել այդ ծրագիրը չի կարող, քանի որ մենք չենք ստանալու նույնիսկ մեր կորցրածի կեսը»,- մտահոգություն է հայտնում զրուցակիցս։ Ասում է՝ մայր Հայրենիքում ենք ու մեր տանն ենք, սակայն Արցախում ապրելն ավելի հեշտ էր։ Ասենք՝ միայն ժամանակի առումով դժվարություններն այստեղ շատ են, պետք է անընդհատ վազքի մեջ լինես, որ հասցնես։ Հայաստանից հեռանալու, այլ երկիր մեկնելու մտադրություն երբեք չենք ունեցել, այստեղից՝ միայն Արցախ։
Անահիտ Պետրոսյան