Բացել լրահոսը Փակել լրահոսը
74
A A
Հասարակություն

Աբովյանի քաղաքապետարանի մոտ բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 5-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նվեր Գալստյանի վարած մոտոցիկլետը և 23-ամյա Արման Ազիզյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ըստ դեպքի վայրի հավաքվածների հայտնածի՝ Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցները, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Բժիշկները մոտոցիկլավարին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա նոր կանչ ստանալով՝ վերադարձել են դեպքի վայր և տեղում բուժօգնություն են ցուցաբերել «Toyota»-ի վարորդին. վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Toyota»-ի վարորդը, քանի որ մոտոցիկլը գլխավոր ճանապարհով ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը, այդ տեղեկությունը նախաքննության ընթացքում կա՛մ հաստատվելու է, կա՛մ հերքվելու է։