Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Խորհրդարանական լսումներ ՀՀ-ի` ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի առաջարկով հունիսի 21-ին հրավիրել է «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ:

Ըստ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի` նպատակն է լսել բովանդակային առաջարկներ` նախանշված քաղաքական նպատակներին հասնելու համար, ստանալ ոչ թե «ի՞նչ», այլ «ինչպե՞ս» հարցի պատասխանը` ուղիների, ժամկետների, գործիքակազմերի, քայլերի հաջորդականության վերաբերյալ: 
 
«Եվրոպական ինտեգրումը բազմաթիվ գծերից բաղկացած գործողություն է, որի մեջ կան բազում առանձին վերցրած քայլեր»,- ասել է Արման Եղոյանը: Նրա խոսքով փոքր պետությունների համար լավ է լինել Եվրամիության անդամ. փորձը ցույց է տվել, որ անդամակցությունից հետո նման երկրները թռիչքաձեւ աճ են արձանագրել:

Անդրադառնալով քննադատություններին, թե իշխող խմբակցությունը դանդաղեցնում է ՀՀ-ի եվրաինտեգրման ընթացքը` Արման Եղոյանը նշել է. «Այս լսումները հրավիրվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, մեր հանձնաժողովի կողմից: Մենք պարտադրված չենք եղել դա անելու, ցանկացել ենք դա անել»: Նա շեշտել է, որ 2024 թվականի ապրիլի 5-ից հետո եւ առավելապես վերջին շրջանում, շփումներն ակտիվացել են ոչ միայն եվրոպացի, այլեւ ԱՄՆ գործընկերների հետ:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարեւորել է հանձնաժողովի` հասարակական պահանջին ընդառաջ գնալու եւ խորհրդարանական լսումներ հրավիրելու հանգամանքը: Նրա դիտարկմամբ փոքր պետությունները շահում են միություններում, եթե դրանք նվաճված պետություններ չեն: «Եթե մեծ, հզոր պետությունները նվաճող, շահագործող չեն, այո', կարելի է շահել: Բայց մեծ պետությունները նույնպես շահում են: Մեզ ընդունելով ԵՄ` եվրոպացիները շահում են. մեզ նման դաշնակից, գործընկեր ունենալը նրանց արժանապատվության հարցն է»,- ասել է Ազատ Արշակյանը` հավելելով, որ Հայաստանը ցանկալի դաշնակից է Եվրոպայի համար:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշել է, որ իրենք հանձնառություն են վերցրել դեպի Եվրոպա գնալու գործընթացում աջակցել գործող իշխանություններին: Նրա դիտարկմամբ 2020 թվականից հետո ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր գործընթացներն աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական են, ուստի առաջարկում է կատարել քաղաքակրթական ընտրություն, որոշել Հայաստանի վերջնական ուղղվածությունն ու այդ ուղղությամբ իրական քայլեր անել: Արամ Սարգսյանը, ներկայացնելով չորս քաղաքական ուժերի տեսակետը, առաջարկել է 100 օրվա մեջ կազմակերպել Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե: Մասնավորապես, նա առաջարկել է հանրաքվեն իրականացնել սեպտեմբերի 21-ին, ինչպես 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց անկախության հանրաքվեն:

«Խնդիրը սիմվոլիզմը չէ, դա կնշանակի, որ մենք նորից ջանում ենք տարածաշրջանում դառնալ ժողովրդավարության կղզյակ, ժողովրդավարության առաջատարը»,- ասել է կուսակցության նախագահը` հավելելով, որ այդ քայլն առատաձեռն կփոխհատուցվի հայ ժողովրդին ինչպես սպառազինության, անվտանգության, այնպես էլ` տնտեսության զարգացման եւ ներդրումների առումով:

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով Եվրոպական միությանն անդամակցելու գաղափարը Հայաստանի Հանրապետությունում ունի ընդգրկուն համախոհություն: Նա ընթերցել է հունիսի 20-ին տեղի ունեցած Ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողովում ընդունված կոչը, ըստ որի` ՀՀ իշխանություններին առաջարկվում է առաջիկա չորս ամիսների ընթացքում կազմակերպել Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե: Հովսեփ Խուրշուդյանը համոզմունք է հայտնել, որ հանրությունն «Այո» է ասելու առաջարկվող հանրաքվեին:

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի խոսքով կայացնելու են որոշումներ, որոնք կսահմանեն մեր պետության հարատեւ ուղին եւ հավերժ գոյության ճանապարհը: Նրա կարծիքով հանրաքվեն կօգնի խորացնել հարաբերությունները ոչ միայն Եվրոպական միության հետ, այլեւ` ԱՄՆ-ի հետ: Հայաստանի համար կստեղծվի ահռելի զսպման գործիքակազմ եւ անվտանգային կապիտալ:

Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով հարցի կարեւորությանն ու պատասխանատվությանը, նշել է. «Պատասխանատվությունը կոլեկտիվ է: Ես այստեղ չեմ ուզում հակադրությունների մեջ մտնել ոչ «Քաղաքացիական պայմանագրի», ոչ մյուսների հետ, որովհետեւ այսօր Հայաստանին պետք է կոնսենսուս` շատ առանցքային որոշմամբ: Առաջարկվող թեմայով հանրաքվեն հենց այդ կոնսենսուսի խնդիրն է: Իսկապես, պահն է հասկանալու, որ որեւէ մեկն այս անգամ այդ պատասխանատվությունից չի փախչելու` լինի իշխանություն, թե ընդդիմություն»:

Ժողովրդավարական ուժերի հարթակի եւ քաղհասարակության ներկայացուցիչները ելույթներում անդրադարձել են եվրաինտեգրման գործընթացներին, այլընտրանքային ուղիներին, Հայաստանի անվտանգային համակարգին, ժողովրդավարության ամրապնդմանը: Հայաստանի համար եվրաինտեգրումը բնորոշվել է որպես այլընտրանք չունեցող ճանապարհ: Տեսակետ է հնչել, որ նախատեսված ժամկետում հանրաքվեի իրականացումը կապահովի միջազգային հնչեղություն, ժողովրդավարական աշխարհում Հայաստանի Հանրապետության վերելք, ինչպես նաեւ Հայաստանի շուրջ արեւմտյան կոնսոլիդացիայի ուժգնացում: Հանրաքվեն դիտարկվել է որպես պատմական, քաղաքակրթական, աշխարհաքաղաքական, անկախ պետականությունն ու ինքնիշխանության գոյատեւումը հավերժացնող, ազգային անվտանգությունը եւ դիմակայունությունն ուժեղացնող ընտրական գործընթաց:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Սոնա Ղազարյանն ընդգծել է, որ եվրաինտեգրումն ամենեւին ֆինանսական աջակցություն չէ, այլ տնտեսական, էներգետիկ անվտանգությանն ուղղված քայլեր: «Եվրոպական միությանն ինտեգրումը նաեւ մարդու իրավունքների ոլորտում կատարված եւ տարվող ինստիտուցիոնալ ռեֆորմներն են, որոնք անշրջելի են դարձնելու Հայաստանի` եվրաինտեգրման ուղին»,- ասել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը կարեւորել է խորհրդարանական լսումներին մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը ողջունել է բովանդակության շուրջ հանրային խոսույթը, օրակարգը զարգացնելու համար: «Ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն ու ձգտումները դեպի իրական ժողովրդավարություն, եւ սա ամենակարեւոր հարցն է, որի շուրջ հանրային լայն կոնսեսուսը եւ մեր հանրության ողջախոհությունը կուղղորդեն քաղաքական զարգացումների բովանդակությունն ու ուղղությունը»,- ասել է Մերի Գալստյանը:

«Հայաստանի Հանրապետությունում եվրոպական ինտեգրման օրակարգի առաջամարտիկը ՀՀ կառավարությունն ու իշխող մեծամասնությունն է»,- ամփոփելով խորհրդարանական լսումները` ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը` ներկայացնելով եվրաինտեգրման հաջորդական քայլերը:

Նշելով, որ ՀՀ իշխող մեծամասնությունը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցը` նա ասել է, որ պատեհ պահի` մի շարք այլ ձեւաչափերով քննարումների արդյունքում, երբ Կառավարությունն ու իշխող մեծամասնությունը գան որեւէ եզրահանգման, դրա մասին կհայտարարվի: Արման Եղոյանը շեշտել է, որ ՀՀ եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է: Անդրադառնալով խորհրդարանական լսումների ընթացքում հնչած ելույթներին, դիտարկումներին` հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել մասնակցության եւ հետաքրքիր քննարկման համար: