Արցախի Խրամորթի գյուղից Կոտայքի մարզի Կաթնաղբյուր. Մի ընտանիքի պատմություն
Աջակցիր «Ա1+»-ինԲաղդասարյանների բազմանդամ ընտանիքն Արցախի Խրամորթ գյուղից բռնի տեղահանվելուց հետո Ծաղկաձոր են հասել, ապա տեղափոխվել Բյուրեղավան, այնտեղից՝ Վանահովիտ։ 2023-ի նոյեմբերից Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում են ապրում։ Սեպտեմբեր ամիսը տարիներ շարունակ ընտանիքի մոր համար ամենասպասելի ամիսն է եղել՝ կրկին դեպի դպրոց կանչող զանգի ղողանջով։ Հինգ երեխաների մայր է Լիլիթ Մկրտչյանը։ Խրամորթի միջնակարգ դպրոցի փոխտնօրենն էր, մասնագիտությամբ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
-Մինչև չարաբաստիկ սեպտեմբերն ապրում էինք դրախտում` բառիս բուն իմաստով։ Նույնիսկ 44-օրյա պատերազմը, թշնամու դիրքերը գյուղին շատ մոտ լինելն ու բլոկադային պայմանները չստիպեցին մեզ հակառակը մտածել։ Աշխատում էինք հայրենի կրթօջախում, դրան զուգահեռ զբաղվում հողի մշակությամբ, ջերմոցային տնտեսությամբ։ Երբևէ չենք մտածել, որ կարող ենք լքել մեր դրախտավայրը, թողնել ամեն ինչ և դառնալ ոչնչատեր։ Բայց ամենացավալին այն է, որ այնտեղ մնացին մեր մարտիրոսվածների, հարազատների շիրիմները,- Ա1+-ի հետ զրույցում ասում է տիկին Մկրտչյանը։
2020 թվականին հաջորդեցին Փառուխի և Քարագլխի դեպքերը։ Խրամորթը մի քանի անգամ տարհանվեց, սակայն ժամանակ անց բնակիչները կրկին գյուղ վերադարձան, անցան իրենց ամենօրյա գործերին, դպրոցում կրկին վերջին զանգի, ապա առաջին զանգի արարողություններ կազմակերպվեցին։ -Պատմության դասերից շատ ենք լսել գաղթի մասին, բայց որ այն մեր մաշկի վրա կզգանք՝ երբևէ չեմ պատկերացրել։ Դա մեծագույն չարիքն է, որ կարող է լինել մարդ արարածի հետ... ահավոր էր ճամփա ընկնել և գիտակցել, որ հետադարձ չկա։ Արցախում թողել ենք մեր մանկությունը, մեր երազանքները, մեր հողն ու ջուրը, մեր տղաների թափած անգին արյունը։ Արցախից բերել ենք միայն թանկ հիշողություններ, որոնց շնորհիվ կարողանում ենք դիմակայել դժվարություններին և առաջ շարժվել,- ասում է զրուցակիցս։
Ավագ աղջիկն Արցախում էր ավարտել միջնակարգը։ Երեք աղջիկները հաճախում են Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցը։ Որդին դեռ 2 տարեկան է։
-Աղջիկս Արցախի պետական համալսարանի ֆինանսներ և վարկեր ֆակուլտետն էր ընդունվել։ Սակայն այստեղ չկարողացավ շարունակել ուսումը՝ բարձր վարձի պատճառով։ Հրուշակեղեն պատրաստելու կուրսեր է անցել, այժմ աշխատում է խանութում, որպես վաճառողուհի։ Մեկ-մեկ էլ իր թխվածքներից է վաճառքի հանում,- ասում է Լիլիթը։
Ինքն էլ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի գրադարանավարուհին է։
-Անչափ գոհ և շնորհակալ ենք դպրոցի կոլեկտիվին, համայնքապետարանին՝ մարդկային և սրտացավ վերաբերմունքի համար։ Այն մեծապես նպաստել է երեխաների ինտեգրման, նոր շրջապատում իրենց տեղը գտնելու համար։ Ինչպես բազմաթիվ հայրենակիցներ՝ ապրում են վարձով, ամուսինն աշխատանքի է անցել շինարարական կազմակերպությունում, ձգտում են անել հնարավորը, որպեսզի երեխաներն ունենան բարեկեցիկ կյանք։ Որպես բազմազավակ ընտանիք՝ պետական նպաստից չեն օգտվում։ Դիմել են միասնական սոցիալական ծառայությանը, սակայն պարզվել է, որ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերեն, որպեսզի կարողանան օգտվել նպաստից։ -Երևի կընդունենք ՀՀ քաղաքացիությունը։ Մեզ համար Արցախից հետո և Արցախի հետ մեկտեղ լավագույն երկիրը Հայաստանն է։ Գտնում ենք, որ պիտի ապրենք և արարենք մայր հայրենիքում։ Գերագույն նպատակ է վերադառնալ Արցախ, հոգու խորքում հավատում ենք, որ Աստված գթառատ ու գթասիրտ կգտնվի արցախցիներիս նկատմամբ։ Խնդիրները շատ են, հատկապես բնակարանայինը։ Դժվար է նորից սկսելը, այն էլ որերորդ անգամ, բայց կարևորը ձգտումն է, ու մենք ունենք այդ ձգտումը,- ասում է Լիլիթ Մկրտչյանը։
Անահիտ Պետրոսյան