Սեյրան Օհանյանի և Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ խորհրդի մեծամասնության կողմից հերթական անգամ մերժվեց մեր առաջարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ոչ մի հիմնավորում չկար, մենք ասել ենք, որ այս իրավիճակը քննարկման համար անհրաժեշտություն է, որովհետև մեր ժողովրդի մի մասը դժգոհ է այս իշխանությունից ելնելով նրանից, որ իշխանությունները չեն կատարում 2021-26 թթ կառավարության ծրագիրը։ Նախագիծը մերժվել է, բայց իրավունքի ուժով որպես արտահերթ նիստ այն կայանալու է ամսի 17–ին »,- ասաց Օհանյանը։
Վերջինս նշեց, որ ունեցել են 27 ստորագրություն, ինչը խնդիրներ չի ստեղծել, իսկ բացակա պատգամավորները չեն մասնակցել, քանի որ հուղարկավորության են մասնակցել։
Մերժման համար որևէ տրամաբանական պատճառաբանություն չի բերվել բացառությամբ մեկի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ խորհրդակցական նիստի ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների`արտահերթ նիստ անցկացնելու առաջարկին։
«Իրենք համարում են, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է։ Գյուղեր են հանձնվում, մարդիկ են փողոցում ծեծվում, մարդիկ դառնում են քաղբանտարկյալ, ու դա իրենց նորմալն է։ Միայն մեկ լուծում կա՝ իրենք պիտի լսեն ու կլսեն, որ երկրում ամեն ինչ նորմալ չէ ու հաշվի կնստեն ժողովրդի ցանկության հետ։ Դրա պատասխանը դրսում Բագրատ Գալստանյանը տալիս է։ Այս առաքելության այլընտրանք չկա»,- ասաց Մամիջանյանը։ Անդրադառնալով Սրբազանի՝ 96 ժամում հարցը լուծելու մասին հայտարարությանը, Մամիջանյանն ասաց․ «Մինչև այդ շատ ջրեր կարող են հոսել, գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման»։