Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 20 րդ միջազգային մրցույթը (տեսանյութ)

Երեկ երեկոյան հանդիսավորությամբ տեղի ունեցավ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի բացման համերգը։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ հնչեց բացառապես Խաչատրյանի երաժշտությունը՝ «Ծնունդդ շնորհավոր»՝ վարիացիաներ Արամ Խաչատրյանի թեմաներով, գործիքավորումը՝ Մարտին Ուլիխանյանի‚ այնուհետև՝ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից։ Ջութակահար Դիանա Ադամյանի մենակատարմամբ ներկայացվեց Ջութակի կոնցերտը։ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ կատարվեց նաև Խաչատրյանի Ձոն ցնծության ստեղծագործությունը՝ գրված մեցցո-սոպրանոյի, խառը երգչախմբի, ջութակահարների անսամբլի, տավղահարների անսամբլի և նվագախմբի համար‚ մենակատար՝ Բելլա Ամարյան (մեցցո-սոպրանո)։

Խաչատրյանի անվան մրցույթի մեկնարկը ողջունեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա իր խոսքում նշեց‚ որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Երևանում անցկացվող ամենակարևոր և ամենանշանակալի մրցույթներից է‚ այդ իսկ պատճառով Երևանի քաղաքապետարանը աջակցում է այս ստուգատեսին։ Քաղաքապետը շեշտեց‚ որ Երևանի քաղաքապետարանն իր պարտավորությունն է համարում նմանատիպ միջոցառումներին սատարելը‚ քանի որ կարևորում են բարձրարժեք մշակույթի‚ երաժշտության հանրայնացումը‚ և հանրությունը նման միջոցառումներից միայն լավն ու դրականն է քաղում։ Նա շնորհավորեց խաչատրյանական մրցույթի կազմակերպիչներին‚ ինչպես նաև հաջողություն մաղթեց մասնակից ջութակահարներին։

Մրցույթին իր ողջույնի խոսքը հղեց նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Նա նշեց‚ որ Խաչատրյանը հայ երաժշտության խորքն ու ծավալը‚ ամբողջ եռանդն ու գեղարվեստական ուժը բերեց աշխարհ այնպիսի հզորությամբ‚ որ աշխարհին ճանաչելի դարձրեց և՜ իրեն‚ և՜ ամբողջ հայ ժողովրդին։ «Արամ Խաչատրյանը հայ երաժշտության զավակն է։ Նրա անունը կրող մրցույթը ոչ միայն Խաչատրյանի ոգին է կենդանի պահում‚ այլև մեր երաժշտությամբ վարակում է աշխարհի շատ ու շատ երաժիշտների‚ նոր սերունդների»‚- ասաց մաեստրո Մանսուրյանը։

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Արամ Խաչատրյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված‚ ինչպես նաև 20-ամյա մրցույթի մասին պատմող տեսանյութեր։

Այսօր առավոտյան արդեն մեկնարկել է Խաչատրյանի անվան մրցույթի առաջին փուլը‚ որը կշարունակվի նաև վաղը։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտանիքում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։