Քննարկվել են ջրհեղեղի հետևանքով հասցված վնասների հարցը, օպերատիվ շտաբի իրականացրած աշխատանքները
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նիստում քննարկվել են ջրհեղեղի հետևանքով հասցված վնասների հարցը, օպերատիվ շտաբի իրականացրած աշխատանքները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին:
Հաջորդիվ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է ջրհեղեղի հետևանքով հասցված վնասների և օպերատիվ շտաբի կողմից իրականացված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ երկաթուղու վնասված հատվածը 2 կմ է՝ Այրում կայարանից մինչև Սանահին կայարան: Բացի 2 կմ հատվածից, վնասված են սյուներ, ենթակայաններ, հարակից այլ ենթակառուցվածքներ: Միջպետական ճանապարհներից վնասվել են Մ4 և Մ6 միջպետական ճանապարհները: Մ4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես 5-ը բավականին խոշոր են, հիմնականում Դիլիջանից Իջևան հատվածում է: Մ6 հատվածն ունի 43 վնասված հատված, 43-ից 5-ում ճանապարհն ամբողջովին վնասված է, 5 հատվածից 4-ը վերականգնվել է, 5-րդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Համայնքային և տեղական մոտ 20 կամուրջ է վնասվել: Հատկապես՝ Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունի և մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով: Երկու հատվածում կառուցվում են հետիոտնային կամուրջներ՝ Ախթալայի և Սանահինի հատվածում: Ջրային ենթակառուցվածքներում վնասվել են ջրագծեր, պոմպայականներ և այլ ենթակառուցվածքներ, որոնց մի մասը դեռ ջրածածկ է և ընդհանուր վնասների չափը գնահատել հնարավոր չէ: Դիլիջան քաղաքում մասնակի վերականգնվել է ջրամատակարարումը, մի շարք հատվածներում մասնակի է վերականգնվել: Ջրի հետ կապված խնդիր հիմնականում Ախթալա բնակավայրում է առկա, որտեղ ջրամատակարարումն իրականացվում է ջրատար մեքենայով: Էներգետիկ համակարգի վնասման հետևանքով շուրջ 17000 բաժանորդ հոսանքազրկվել է,
աշխատանքներ են իրականացվում, արդյունքում՝ միայն 600-ն է շարունակում հոսանքազրկված մնալ: Գազամատակարարման մասով 19000 բաժանորդի գազամատակարարում կանգնեցվել էր, իրականացված աշխատանքների արդյունքում 18 600-ի գազամատակարարումը վերականգնվել է: Լոռու մարզի Տաշիր, Փամբակ համայնքներում իրենց տարբեր բնակավայրերով մի շարք ավերածություններ կան: ՏԿԵ նախարարը նշել է, որ կարիքների գնահատումն ու մատակարարումները կրում են շարունակական բնույթ, բարելավվում են ենթակառուցվածքները. «Աղետի մասշտաբները հսկայական են և բոլոր գերատեսչությունների ներգրավվածության կարիք կա: Մյուս կողմից՝ պետք է ծրագրեր մշակել, դրանք կլինեն աջակցող, խրախուսող, արտոնություններ, վարկային պատմություններ: Բավականին շատ բիզնես գործունեություն իրականացնող մարդիկ են տուժել, պետք է հասկանալ փոխհատուցման ծախսերն ինչպես իրականացնել և ինչ մեթոդներով: Նաև տարբեր քաղաքաշինական, բնապահպանական և այլ հարցեր կան, որոնք այս աղետի հետևանքով մեզ բոլորիս համար քննարկման, որոշումների և նաև կարծում եմ՝ իրավական փոփոխությունների անհրաժեշտություն կառաջացնի»:
Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք տարհանված և տուժած բնակչությունն ամբողջությամբ ապահովված է սննդով և խմելու ջրով, ինչին ի պատասխան նախարարը նշել է, որ այո, տարհանված 443 բնակիչներից միայն 44-ն են հյուրանոցներում բնակվում, մյուսները նախընտրել են բնակվել ծանոթների և բարեկամների մոտ, սակայն նրանց նույնպես իրականացվում են մատակարարումներ պարբերական բնույթով:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների, մասնավորապես՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործընկերների հետ երկաթգծի հետ կապված քննարկումներ է ունեցել. «Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր է ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է»:
Երկաթուղու վերականգնման առնչությամբ Գնել Սանոսյանը հավելել է. «Մենք ակտիվ աշխատում ենք գործընկերների հետ և հետևյալ լուծումն ենք գտել. հաշվի առնելով, որ Այրում կայարանից դեպի Ալավերդի բավականին ժամանակ կպահանջվի վերականգնելու համար, բեռները կտեղափոխենք մինչև Այրում կայարան: Այրում կայարանի հարակից հատվածում կա մի կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել, և երկար ժամանակ չի աշխատում, հիմա այդ երկաթգծային կամուրջը վերափոխում, դարձնում ենք կամուրջ, որի վրայով կարող են բեռնատարներ անցնել: Առաջիկա 2-3 օրերին կավարտենք, և այդ կամուրջը կծառայի, որպեսզի բեռնատարներն անցնեն գետով այն կողմ, Այրում կայարանից բարձեն տարբեր տեսակի բեռներ, այդ թվում՝ վառելիք, և մատակարարեն հանրապետությունով մեկ»:
Ըստ նախարարի՝ այս սխեման կաշխատի առաջիկա օրերին, քանի որ հեղեղումների պատճառով երկաթուղին նաև Վրաստանում է վնասվել. «Երեկ Վրաստանի փոխվարչապետի հետ եմ խոսել: Երեքշաբթի նախանշված է, որ կավարտեն: Մինչև այդ մենք կունենաք մեր կողմում արդեն կամրջի վերափոխում, և երկաթուղին կկարողանա աշխատել մինչև Այրում կայարան»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև կամուրջների և ճանապարհների շինարարության հարցին և նշել. «Մենք պետք է նորից անդրադառնանք
ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին: Առաջինը՝ ստանդարտներին և երկրորդը՝ որակի հարցին, որպեսզի հասկանանք՝ մենք ընդհանրապես ճի՞շտ ենք սպասարկում ճանապարհները, կամուրջները, և ինչ պետք է նկատի ունենանք կամուրջ ասելով»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերներից ստացել են պատրաստակամության ուղերձներ՝ աջակցություն ցուցաբերելու. «Կարծում եմ՝ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն»:
Արձագանքելով՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան մի շարք միջազգային մեխանիզմներ, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում, և կան կոնկրետ միջազգային գործընկերներ, որոնք այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամություն են հայտնել, և կան գործընկերներ, որոնք մոդուլյար, ժամանակավոր կամուրջների հարցում կարող են մեզ օգնել: «Մենք հիմա հետևյալ փուլում ենք. պետք է առավելագույնս արագ հստակեցնել, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում միջազգային գործընկերներից, և այստեղ մեծապես հույսներս դնում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վրա: Այն պահին, երբ ամբողջական հստակ քանակների և տեսակների անվանումներ ունենանք, կարող ենք կոնկրետ արդեն դիմել»,- ասել է նախարարը:
Վարչապետը նշել է, որ եթե կոնկրետ առաջարկություն է արվում աջակցության, պետք է շեշտը դնել կամուրջների կառուցման վրա. «Կա մոդուլյար կարճաժամկետ, բայց նաև կապիտալ ներդրման տրամաբանությամբ պետք է ստանդարտներին համապատասխան կամուրջներ կառուցենք»: