ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱրաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունըհամարում է նշանակալի քայլ, որը կարող է ամրապնդել երկխոսության կամուրջներն ու նպաստել կովկասյան տարածաշրջանում կայունությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է ԱՄԷ–ի արտաքին գործերի նախարարության կայքում:
Հայտարարությամբ մասնավորապես նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի տարածքում սահմանների սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ համաձայնությունը: ԱՄԷ-ն հետևում է երկու երկրների միջև վստահության կառուցման և խաղաղության ամրապնդման զարգացող գործընթացին։ ԱՄԷ-ն հույս է հայտնում, որ այս նշանակալի քայլը կամրապնդի հաղորդակցության և երկխոսության կամուրջները և կնպաստի կովկասյան տարածաշրջանում կայունության և կառուցողական համագործակցության խթանմանը:
Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղն ընդգծել է, որ ուղղակի հաղորդակցության միջոցով հաստատված այս դրական զարգացումը կարևոր քայլ է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կխթանի զարգացումն և խաղաղությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Պետական նախարարը նշել է, որ դա օգուտ կբերի երկու երկրներին և ժողովուրդներին:
Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղը նշել է, որ ԱՄԷ-ն սերտ և նշանակալի կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա ընդգծել է երկրի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման հարցում՝ միաժամանակ ընդգծելով կամուրջներ կառուցելու և համագործակցություն ու երկխոսություն խթանելու կարևորությունը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու տեսանկյունից:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։ Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: