Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ես վարչապետ եմ մնում, քանզի տիրապետում եմ հայոց լեզվի տառին և ոգուն. Փաշինյանի ամփոփիչ ելույթը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում կառավարության ծրագրի (2021-26թթ.) 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման շշրջանակում: Վարչապետը ելույթում, մասնավորապես, նշել է.

 

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

 

Նախ՝ ուզում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին շնորհակալություն հայտնել կարևոր և բովանդակային քննարկման համար, որը իրական հայեցակարգային շատ լուրջ խորքեր է պարունակում:

 

Ինձ համար, ընդհանրապես, սկզբունք է, որ ես այս և այսօրինակ քննարկումների ժամանակ ներկա լինեմ դահլիճում և լսեմ բոլոր ելույթները, իմ քաղաքական գործընկերներին, համախոհներին, ինչպես նաև ընդդիմության կողմից հնչեցվող տեսակետները և կարծիքները, որովհետև կարծում եմ, ցանկացած կառավարության և իշխանության համար կարևոր է լսել նաև այլընտրանքային կարծիք, ընդդիմության կարծիքը, և ես երբևէ ոչ մի առիթ բաց չեմ թողնում այդ հնարավորությունից օգտվելու համար:

 

Պիտի ասեմ, որ այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների ելույթներում կային բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ ես կոնկրետ հարցեր եմ հասցեագրել և հանձնարարականներ տվել նախարարներին: Կան շատ հարցեր, որոնց մասին իրենք խոսեցին, մենք հրապարակային չենք խոսում, աշխատանքային մակարդակներում ենք

խոսում և որոշ տեղերում նույնիսկ գալիս ենք միմյանց նման եզրակացությունների, բայց կարևորագույն, սկզբունքային հարցերի վերաբերյալ ընդդիմադիր գործընկերների ելույթները լսելիս և ամենասուր ելույթները լսելիս ուզում եմ իմանաք, թե իմ ներսի արձագանքն ինչպիսին է: Եվ այս արձագանքը նորություն չէ: Ես հարց եմ տալիս ինձ՝ իսկ ինչո՞վ են նրանք սխալ ասում, ի՞նչն են սխալ ասում, ինչո՞ւ ես համաձայն չեմ նրանց ասածին: Եվ այս համատեքստում. կարծում եմ. իսկապես այս երկու օրերի քննարկումն առարկայացրեց բանավեճը Պատմական Հայաստանի և Իրական Հայաստանի հայեցակարգերի միջև:

 

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատգամավորին, ով մեջբերեց Ազգային անվտանգության ռազմավարության նախաբանում իմ խոսքը, որը, որպես նախաբան, տպագրված է, որտեղ ես ասում եմ, որ մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում եմ, նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը: Իրականում այն, ինչ ես երեկ ասել եմ այս ամբիոնից՝ խորհրդարանում ունեցած ելույթում, կառավարությունում, տարբեր տեղերում ունեցած իմ հայեցակարգային ելույթներում, իրականում այս թեզի իրականացումն է, որովհետև այն, ինչ ես ասում եմ և այն ինչ ես փորձում եմ որպես ծրագիր ներկայացնել՝ արդյունք է մեր ազգային ինքնության քննության, որովհետև եթե հիշում եք, ես այս դահլիճում խոսել եմ հայրենասիրության մեր մոդելի մասին, պատմության մեր ընկալման մասին և այլն և այդպես շարունակ:

 

Եվ ես այսօր էլ եմ ասում, որ մենք սերում ենք Կիլիկիայից, մենք սերում ենք Հայկական բարձրավանդակից, մենք սերում ենք Վանի Թագավորությունից: Խնդիրը դրա մեջ չէ, կամ ավելի ճիշտ խնդիրը սրա մեջ է, և մեր բանավեճի էությունը սրա մեջ է: Մենք այսօրվա աշխարհին պիտի նայենք Վանի Թագավորության աշտարակի՞ց, թե՞ Հայաստանի Հանրապետության աշտարակից: Սրանում է հայեցակարգային մեր բանավեճը:

 

Մի շատ դիպուկ հարց հնչեց, ասաց՝ ինչպե՞ս կարող է որևէ տեղ լինել 7-րդ դարի եկեղեցի և մի քանի մետր այն կողմ սկսել, լինել Ադրբեջան: Սա շատ կարևոր հարց է, որովհետև իսկ ինչպե՞ս կարող է լինել 7-րդ դարի եկեղեցի, իսկ մի քանի մետր այն կողմ լինել Թուրքիա, որովհետև Խոր Վիրապը քրիստոնեության մեր ակունքը գտնվում է մի տեղ, որից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է: Հիմա հայեցակարգային բանավեճն այստեղ է: Մենք ընդունո՞ւմ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, թե՞ չենք ընդունում: Ես ասում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն ընդունում է, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, և Հայաստանի կառավարության համար այս արձանագրումն անվտանգության ապահովման կարևորագույն միջոց է: Եվ ռազմավարական ընտրությունը հենց սրա մեջ է: Երբ մենք ասում ենք Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկա, մենք ընտրում ենք Պատմական Հայաստանը: Երբ մենք ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, մենք ընտրում ենք Իրական Հայաստանը: Եվ այս նույն մոտեցումն է, որին կանդրադառնամ:

 

Նույն մոտեցումն է նաև Ոսկեպարի դեպքում, որովհետև երբ դու չես համաձայնվում դնել սահման քո ու ուրիշի միջև, դու չես խառնում այս ուրիշին ու այս ուրիշին չես խառնելու: Ես նկատի ունեմ առաջին հերթին հանկարծ սա նացիստական տրամադրություն չթվա, քաղաքական անվտանգության, և ես հենց այդ եմ ասում, որ այն ճանապարհները, որ մենք դուրս ենք գալիս Հայաստանի ինքնիշխան տարածքից, մեր մտքում քաղաքականապես կամ երբեմն ոչ քաղաքականապես այդ ճանապարհները

հնարավորություն են տալիս նույն ճանապարհով ուրիշներին մտնել մեր ինքնիշխան տարածք: Ես ասում եմ՝ մենք այդ ճանապարհը պետք է փակենք, ընդ որում ուզում եմ այս շեշտադրումն էլ շատ հստակ արձանագրել, ես չեմ ասում, որ հիմա այդպես է պետք՝ այդպես ենք ասում, հիմա այդպես է պետք՝ ասում ենք Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, հետո պետք լինի՝ կասենք չէ:

 

Ես իմ ելույթում ասացի, որ սա մենք պետք է արձանագրենք որպես ռազմավարական մշտականություն: Ես ասացի, որ մենք պետք է արձանագրենք պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարինությունը: Այստեղ է մեր բանավեճն իրականում և սա կարևոր բանավեճ է:

 

Եվ դուք խոսում եք ժողովրդի մասին, խոսում եք նրա մասին, որ մենք մեր ազգային արժեքներին դեմ ենք, կամ արժեքներից ենք շեղվում, կամ մեր ծագումն ենք ուրանում: Մեր արժեքներից մեծագույնը կամ մեծերից մեկը մեր լեզուն է, և եթե ինձ որևէ մեկը հարցնի, օրինակ, ի՞նչն է պատճառը, որ ես ձեր թվարկածներից հետո շարունակում եմ մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, կներեք իհարկե այս զեղման համար, ես կասեմ՝ իմ կարծիքով, որովհետև ես տիրապետում եմ մեր ազգային արժեքներից ամենակարևորներից մեկի՝ հայոց լեզվի ոչ միայն տառին, այլև ոգուն, հոգուն, էմոցիային, որով ես զգում եմ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և ժողովրդի զգացումներն ու էմոցիաները: Եվ պետք չէ այդ էմոցիաների վրա խաղալ:

 

Ասում են՝ Տավուշում սպասում են Ձեզ: Ես Ոսկեպար գյուղում և Կիրանց գյուղում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել, մի քանի անգամ եմ եղել՝ պաշտոնապես էլ, ոչ պաշտոնապես էլ: Այն, որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այս ընթացքում այդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են այնտեղ պատարագ արել: Սա ստենդա՞փ է, ես չեմ հասկանում:

 

Սահմանազատման հետ կապված «Հայաստան» խմբակցությունն ասում է, որ սահմանազատումը պետք է արվի Խորհրդային քարտեզներով և հետո ինձ մեղադրում է, որ ես ասել եմ՝ ինչ-որ տարածքներ ադրբեջանական են, ձեռքով ցույց եմ տվել, ասել եմ՝ այս տարածքներն ադրբեջանական են: Ես այդպիսի բան չեմ ասել: Ես ասում եմ՝ ՀԽՍՀ կազմում, այսինքն՝ այն քարտեզներից ներս, որով Դուք ասում եք, որ պետք է արվի սահմանագծում, երբեք չեն եղել գյուղեր, որոնց անունները բարձրաձայնում է Ադրբեջանը: Հայկական ԽՍՀՄ կազմում երբեք չի եղել Բաղանիս-Այրում գյուղ, Աշաղա-Ասկիպարա գյուղ, Խեյրիմլի գյուղ, Կըզլ-Հաջիլի գյուղ, չի եղել:

 

Եվ այնպիսի տպավորություն է, ասում են՝ Տավուշի մարզի 4 գյուղերն ուզում են հանձնել: Ես էլ ասում եմ՝ եթե Տավուշի մարզում այդպիսի գյուղ կա, կներեք, ես չեմ իմացել, իրենց վարչական շրջանի ղեկավարներին էլ հրավիրեք՝ գան մեզ հետ հանդիպման: Բնակչությանը հրավիրեք՝ գան մեզ հետ հանդիպման: Եվ ես համաձայն եմ, այստեղ շատ դիպուկ, չեմ հիշում ով ասաց՝ սա 4 գյուղի հարց չէ, սա Հայաստանի հարց է: Այո, սա Հայաստանի Հանրապետության հարց է: Դիպուկ 10-ին եք խփել՝ Հայաստանի Հանրապետության հարց է: Ւսկ ինչի՞ եք ասում 4 գյուղի հարցը, 4 գյուղի հարցը, մենք 4 գյուղի հարց չենք լուծում: Մենք Հայաստանի Հանրապետության հարց ենք լուծում: Եվ այդ հարցի լուծման էությունը հետևյալն է. մենք ասում ենք, որ այդտեղ ուզում

ենք ունենալ սահման, որ ասում են ենթադրենք՝ իսկ Հայաստանն ի՞նչ է ստանալու: Հայաստանը ստանալու է սահման:

 

Շատ ճիշտ բան ասաց ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, որ անվտանգության ապահովման քաղաքական, ռազմաքաղաքական և դիվանագիտական պայմաններ պետք է լինեն: Իսկ այդպիսի պայման է պետական սահմանը: Պետական սահմանից ավելի հուսալի անվտանգության ապահովման իրավաքաղաքական պայման պարզապես գոյություն չունի: Մենք այնտեղ գնում ենք սահմանազատման, և իմիջիայլոց, նորից եմ ասում` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ճշգրիտ տարածքի վրա է Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել։ Եվ այդ տարածքը որևէ մեկը չի կարող վիճարկել։ Բայց նաև սա պետք է հասկանանք, որ պրոցես է, և այդ պրոցեսը հնարավոր չէ մի գործողությամբ անել։

 

Խաբե՞նք ձեզ, ասենք`այդ պրոցեսում ռիսկեր ընդհանրապես չեն կարող լինել, իհարկե, կարող են լինել ռիսկեր, և այդ ռիսկերը պետք է կառավարել։ Ասում են` այս կառավարությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել։ Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով։

 

Եթե դու չես ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, օրինակ, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի` դու չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ պատմականորեն, օրինակ, վերջին չգիտեմ քանի տարում, կամ հենց Խորհրդային Միության տրամաբանությամբ այն երկիրն է, որը պարփակված է այս երկրներով։ Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո տարածքային ամբողջականությունը, քո երկրի գոյությունը չես ճանաչում։

 

Հենց այս գայթակղության մեջ են դրել մեզ։ Եվ այս գայթակղությունով է, որ մենք ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք։ Եվ սա քաղաքական հարց չէ, սոցիալ-հոգեբանական հարց է։ Ես իմ ելույթում ասացի` չկարծեք, թե Պատմական Հայաստանը դուք մեզնից ավելի շատ եք սիրում։ Ոչ։ Ինձնից շատ սիրող չլինի այդ Պատմական Հայաստանը, բայց ես հրաժարվում եմ Իրական Հայաստանը պակաս սիրել, կամ Պատմական Հայաստանն ավելի շատ սիրել, քան Իրական Հայաստանը։ Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ որևէ բան ավելի շատ սիրել, քան Իրական Հայաստանը։ Ես հրաժարվում եմ որևէ բան ավելի շատ սիրել, կիլոմետրերով մոտիկ նույնիսկ նրան, ինչքան Իրական Հայաստանը, նրա այս պահին իրական գոյություն ունեցող ժողովրդին ապրող և նրա շահերը։

 

Հիմա շատ է խոսվում նրա մասին, որ մենք մեր նախընտրական ծրագրից շեղվել ենք և դա ամենաշատը խոսվում է Լեռնային Ղարաբաղի թեմայով: Ո՞րն է իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ երբ նախընտրական ծրագիրն արձանագրվել է՝ մենք ամբողջ ուժով և անկեղծությամբ գնացել ենք այդ դրույթների հետևից:

 

Մասնավորապես, անընդհատ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած պրոցեսների մասին: Մեզ դրա համար էլ են քննադատում, ոչ մեկը չի նկատում,

որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քիչ չէ 2014 թվականից հետո իրար հետ կոնֆլիկտի մեջ էին, 2022 թվականից պատերազմ են անում իրար հետ, ժողովուրդ չե՞ք նկատել: Ինչպիսի՞ մեծ նորություն եմ ես ասում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր իրար հետ պատերազմի վիճակում են: Որ այդքան մեզ ասում են, ուրիշներն էլ են ասում, որ մենք Հայաստանը դարձնում ենք աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ, կներեք, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա: Այդ ի՞նչ էր:

 

Այսինքն՝ դուք մտածում էիք, որ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Մինսկի խմբի անդամ երկրների շահերն այնպես են համընկնո՞ւմ, հիմա իրենք գալու են այսպես են անելու, այնպես են անելու: Եթե այս տրամաբանությունից նայենք, մենք ընդհակառակը: Ասում է՝ դու ուրեմն ոչ թե աշխարհաքաղաքականության սուբյեկտ ես, այլ չգիտեմ, լարից գցել են մեշոկի մեջ և այլն, և այլն: Կներեք՝ լավ էլ չի ասելը, բայց մեզ 30 տարի մեշոկի նման այս կողմից շպրտել են այն կողմ, այն կողմից շպրտել են այս կողմ, դա չե՞ք նկատել: Մեզ գալիս ասում էին այսպես ասեք, իրենք գնում էին ԵԱՀԿ-ում ուրիշ ձև էին քվեարկում: Սա ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցություն:

 

Մենք ընդհակառակը, ուզում ենք Հայաստանը հանել այդ մրցակցությունից, ասենք՝ մի րոպե ընկերներ, այստեղ երկիր կա, այստեղ կառավարություն կա, այստեղ ժողովուրդ կա, այստեղ տեսլական կա:

 

Ինքնորոշման մասին. մենք անկեղծ գնացել ենք ինքնորոշման հետևից և անկեղծ ասել ենք՝ ժողովուրդ այսպես չի լինի, պետք է մեր ինքնորոշում բառը համընկնի ինքնորոշում բառի հետ, որը գրված է միջազգային բառարանում: Մենք ասել ենք՝ ԼՂ հարցը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա՝ առանց սահմանափակման: Ասել են՝ ճիշտ եք ասում, իհարկե, ճիշտ եք ասում՝ ԼՂ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրացմամբ և ԼՂ-ն պետք է բարձր ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, բայց ԼՂ-ն միայն հայկական սուբյեկտ չէ: Իսկ այդ որ ասում եք առանց սահմանափակման, էլի առանց սահմանափակման, բայց ինչպես երեկ Արթուր Խաչատրյանը կարդաց՝ միջազգային իրավունքի շրջանակում առանց սահմանափակման, որովհետև եթե առանց սահմանափակման, ապա դա կնշանակի, որ ԼՂ-ն առանց սահմանափակման ինքնորոշվում է և ԼՂ-ի հիմնական քաղաքն էլ Վոլգոգրադն է: Չկա սահմանափակում, ինչ է եղել ո՞ր, Կամչատկան էլ ԼՂ գավառներից մեկն է, որովհետև չկա սահմանափակում: Առանց սահմանափակման պետք է չէ՞ ինքնորոշվի, իսկ չենք ուզո՞ւմ Խաղաղ օվկիանոսի ափին նավահանգիստ ունենալ, երկիր եք հիմնադրում առանց Խաղաղ օվկիանոսի ափին նավահանգիստ ունենալո՞ւ, չէ՞ որ առանց սահմանափակման է:

 

Անջատում հանուն փրկության. այս ամբիոնից 5 անգամ այդ թեմային անդրադարձել եմ: Ասել եմ ՝ երբ ասում եք անջատում, անջատում ումի՞ց, ումի՞ց անջատում: Ահա, այսինքն՝ եթե Ադրբեջանից, ուրեմն մենք իրեն ճանաչում ենք Ադրբեջանի մա՞ս: Երկրորդ՝ եթե մենք ուզում ենք անջատում հանուն փրկության կոնցեպտն առաջ տանել, այս ամբիոնից էլ եմ ասել, մենք ի՞նչ պետք է անենք: Մենք պետք է ցույց տանք, որ այդ սուբյեկտը, մեր սուբյեկտը, ԼՂ ժողովուրդն ուզում է այնտեղ ապրել, բայց չի կարողանում: Մինչդեռ մեր ամբողջ կոնցեպտն այն է, որ ինքը չի ուզում այնտեղ ապրել, և տասնյակ անգամ այս թեմայով ԼՂ ներկայացուցիչների հետ խոսակցություն եմ ունեցել և ի պատիվ՝ նրանցից

շատերն ոչ միայն ըմբռնեցին, այլև համաձայնվեցին, որ ճիշտն այդ ճանապարհով գնալն է:

 

Երբ մենք կգնանք, կապացուցենք, որ սա ոչ թե ինչպես ուրիշներն են ասում՝ սեպարատիզմ է, ուղղակի չեն ուզում և վերջ, այլ ուզում են, բայց անհնար է, դա կդառնա նյութի թեմա: Հետո այդ մարդկանց համարեցին դավաճան, պաշտոնանկ արեցին, հավաքվեցին, ասացին, որ պետք է այլևս դուք չկառավարեք Ղարաբաղը, հիմա մենք տեսեք ինչ ենք անելու: Ի՞նչ ենք անելու, որովհետև զանգ էին ստացել այն նույն տեղից, որտեղից հիմա ստանում են: Խնդրում, համոզում, աղաչում էինք, ասում էինք՝ պետք է գնաք, խոսեք, բանակցեք, պայմանավորվել ենք, Սոֆիայում կա տարբերակ, չգիտեմ որտեղ կա տարբերակ, հաստատում էին, այս էին անում, այն էին անում, մեկ էլ զանգում էին՝ չէ, չի լինի: Ինչի՞ չի լինի, ասել են՝ չէ, պետք չէ գնալ:

 

Գնացել ենք, անջատում հանուն փրկության հետևից էլ ենք գնացել, ինքնորոշման հետևից էլ ենք գնացել:

 

Ասում են՝ ԼՂ-ին թողեց մենակ այս իշխանությունը, այն ինչպե՞ս են ասում՝ «մեր հացի մեջ աղ չկա»: 2020-2023 թթ. ՀՀ կառավարությունը ԼՂ-ին տվել է 538 մլրդ դրամ՝ 1,3 մլրդ դոլար, մենակ ենք թողել մենք:

 

Այսօր Լեռնային Ղարաբաղից մեր շատ մասնագետներ կան, որոնց հրավիրում ենք աշխատանքի, ասում են՝ ձեզ մոտ այս ի՞նչ ցածր են աշխատավարձերը: Մենք այդ աշխատավարձով չենք աշխատի: Լեռնային Ղարաբաղում աշխատավարձը բարձր էր, քան Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում թոշակը բարձր էր, քան Հայաստանում:

Մեր նախընտրական ծրագրից են գրում և կառավարության ծրագրից, որ մեր անվտանգության ապահովման գործոն են հայ-ռուսական հարաբերությունները, ՀԱՊԿ-ը, ՀՕՊ համակարգը և այլն: Ճիշտ եք ասում, գրել ենք, բայց եթե ՀԱՊԿ-ն ասում է՝ չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու, եթե պայմանագիրը չի աշխատում: Դուք գիտե՞ք՝ դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, բայց մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել: Եվ այսպիսի բազմաթիվ պատմություններ: Այս բոլոր պատմությունները ֆիքսված են:

 

Հիմա ասեք՝ լավ քաղաքականություն վարեիք, որ այդպես չլիներ, ՀԱՊԿ-ի հետ և Ռուսաստանի հետ: Ճիշտ եք ասում՝ դուք այնքան լավ քաղաքականություն վարեիք, որ 2016 թվականի հունվարին բանակցային սեղանին չհայտնվեր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այն փաթեթը, որը ժողովուրդը թյուրիմացաբար «Լավրովի պլան» է անվանում, թյուրիմացաբար, որտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վրա մի մեծ հուշարձան է դրված, ընդ որում այն ձևով, «чтобы никто не догадалься»: Սա շատ կարևոր հանգամանք է, որ ոչ մեկ գլխի չընկնի: Վարեիք լավ քաղաքականություն:

 

Դուք Պաշտպանության նախարար էիք, պարոն Օհանյան, ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարար, մեր ռազմավարական գործընկերն Ադրբեջանին 3 միլիարդի զենք վաճառելու պայմանագիր է կնքում: Այդպիսի «լավ» հարաբերություններ ունեիք, ոչ մի խնդիր չունեք, մեր նման ապաշնորհ չէիք, լուծեիք այդ հարցը: Եկեք նայենք 2013-ից 2018 թվականը Հայաստանը Ռուսաստանից ինչ զենքեր է ստացել, Ադրբեջանն ինչ զենքեր է ստացել: Լուծեիք այդ հարցը: Ընդ որում՝ մեզ աշխարհում շատերը զենք չէին վաճառում, ասում

էին՝ դուք ՀԱՊԿ-ի անդամ եք, մենք ձեզ զենք չենք տա: Շատ լավ, չի եղել, առնեիք բերեիք: Չի եղել՝ ավելի վատ, որ չի եղել:

 

Պարզ է չէ՞ այս ծրագրի թեման: Մենք մեր ծրագրի բոլոր կետերի հետևից գնացել ենք և Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների առաջ դրել ենք սեղանին տարբերակները, մեր մասն ամբողջությամբ իրականացրել ենք:

 

Բայց ես ձեզ ուրիշ մի բան էլ ասեմ՝ այստեղ խոսք գնաց առաջնորդության մասին: Ես ուզում եմ արձանագրենք, թե ինչում է առաջնորդության քաղաքականության ամենամեծ իմաստը և էությունը: Քաղաքական առաջնորդության ամենամեծ իմաստն այն է, որ փոփոխվող աշխարհում կարողանաս ադապտացնել այն երկիրը, որն առաջնորդում ես, որովհետև ծրագիրը ծրագիր, բայց աշխարհը փոխվում է: Ավելին ասեմ՝ մեր մեծագույն խնդիրն այն է, որ մենք 1994 թվականին հրադադարի ռեժիմը, հրադադարը հաստատվել է, բայց դրանից հետո աշխարհը փոխվել է, 1995-ին է փոխվել, 1996-ին է փոխվել, 1997-ին, 1998-ին, 1999-ին և այդպես շարունակ, իսկ մենք չենք փոխվել, մենք՝ բոլորս: Աշխարհը հասել է 21-րդ դար, մենք մնացել ենք 1994 թվականին բոլոր առումներով՝ մեր մտածողությամբ, ամեն ինչով: Եվ ճիշտ ասվեց, որովհետև առաջնորդություն չի եղել, որ ասի՝ ժողովուրդ մի րոպե, այդպես չի լինի, այսպես մենք գնում ենք բոլորովին ուրիշ տեղ: Ժամանակս քիչ է, այստեղ տարբեր բաների մասին խոսվեց: Ես չեմ կարող բոլորին արձագանքել:

 

Այստեղ խոսում են՝ ժամկետային զինծառայության կառուցվածքը կփոխվի, պրոֆեսիոնալ բանակ կձևավորվի: Փոխվել է, փոխվում է, ձեր ասած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ինչի՞ մասին է: Ժամկետային զինծառայողը երկու տարով գալիս էր բանակ և աշխատավարձ չէր ստանում, հիմա գալիս է բանակ, ստանում է աշխատավարձ, եթե ատեստավորվում է՝ բարձր աշխատավարձ, գնում է իրենց տանը ծառայում որպես պրոֆեսիոնալ զինվոր: Դա ի՞նչ է: Եռամսյա հավաքների ժամկետները կրճատվել են: Մոռացե՞լ ենք բոլորս, որ վարժական հավաքները երեք ամիս էին, հիմա 25 օր են: Դա ի՞նչ է, որ փոփոխություն չէ:

 

Այստեղ խոսում են, ասում են, որ ատեստավորումից կտրվում են՝ և՛ ուսուցիչների մասին են խոսում, և՛ զինվորականների: Հարգելի գործընկերներ, չիմանա՞նք մեր սահմանն ում ենք վստահում: Այդ մարդը կրակել գիտի՞, թե չգիտի: Իսկ կրակելու ձգանը բոլորս էլ կարող ենք քաշել: Իսկ քաշած ձգանից քանի՞ հատն է թիրախին կպնում: Այդ մարդը ֆիզիկական պատրաստություն ունի՞, թե չունի: Այդ մարդն իր մասնագիտությանը տիրապետո՞ւմ է, թե չի տիրապետում, տարածքի կողմնորոշում գիտի՞, թե չգիտի: 44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ պարզվեց՝ բանակը չգիտի կողմնորոշվել: Այո, մենք էինք մեղավոր, որ երկու տարի եկել էինք՝ չէինք հասցրել 30 տարվա բանակին սովորեցնել, թե ոնց է պետք տեղանքում կողմնորոշվել: Իհարկե, մենք էինք մեղավոր:

 

Սոցիալական արդարությունից եք խոսում, չիմանա՞նք մենք մեր երեխուն ում ենք վստահում: Ընդդիմության ներկայացուցիչն ասաց՝ իրենք չեն համապատասխանում: Այսինքն՝ ի՞նչ, մեր երեխաներին դատապարտո՞ւմ ենք հավերժական միջինի: Ոչ, մենք համաձայն չենք դրա հետ: Մեր երեխաները պետք է ստանան լավ կրթություն: Բայց ճիշտ էլ եք ասում, ես էլ եմ կարծում, մեր գործընկերներն էլ բոլորը վկա են, ասում ենք՝ այս դպրոցների ծրագրով ի՞նչ ենք անում մենք, որովհետև այո, մենք էլ ենք տեսնում, որ շատ

լուրջ մսխում է տեղի ունենում որակի հետ կապված: Հավաքվում ենք, քննարկում, ասում ենք՝ լավ, ի՞նչ անենք հիմա, ասենք վերջ, ամեն ինչ կանգնեցնում ենք՝ մինչև չսովորեն որակյալ կառուցել, բայց հաջորդ հարցն է գալիս, որ չկառուցեն, որտե՞ղ են սովորելու, որտե՞ղ ուղարկենք, որ գնան այնտեղ անորակ կառուցեն, հետո գան մեզ մոտ որակյալ կառուցեն: Սա է: Այո, ճանապարհների դեպքում էլ եք ճիշտ ասում, դպրոցների դեպքում էլ եք ճիշտ ասում, բայց կներեք, դա դուք չեք ասում, դա, նախ ես եմ ասել: Բայց, իհարկե, դուք էլ եք ասում, դուք էլ եք տեսնում: Դա նույնքան էլ իմ պարտքն է, ձեր պարտքն է, որ դրա մասին ասեք:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված մենք այսօր պրոբլեմներ ունենք՝ մարդիկ այսօր ինձ ասում են, լսեք, պետական համակարգը չի աշխատում: Շաբաթներով, ամիսներով թղթերը դրած, չի աշխատում, չեն ստորագրում, որովհետև ասում են՝ իսկ որ գան՝ բռնեն: Սա նրանից է, որ որակավորման խնդիր կա այդտեղ, որովհետև մարդը չգիտի՝ ինքն այնուամենայնիվ ճի՞շտ է, որ ստորագրի, թե ճիշտ չէ: Եվ սա պրոբլեմ է: Կյանքը երկու հարկանի չէ, որ կամ այսպես է, կամ այնպես: Բարդությունն այն է, որ բազմաթիվ հարթություններ կան: Այստեղ շահարկվեց, ասում է Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամին...., լսեք, իմ վարչապետության օրոք իմ ընտանիքի անդամը դատվել է, այսինքն ի՞նչ, դուք մտածում եք, որ քեռին փոքր ժամանակ ինձ շոկոլադ չի՞ տվել, հիմա վարչապետ եմ դարձել՝ վրեժ եմ լուծում: Նախ՝ քեռին շոկոլադ տվել է, սկսենք դրանից: Որ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, դա ի՞նչ է: Դա ձեզ համար է, իհարկե, դա արժեքային համակարգն է՝ իր հետ լավ ենք, իր հետ վատ ենք, սա մերոնքական է, սա ոչ մերոնքական է, սրան բռնենք, սրան ազատենք: Մեկ էլ ասում են քաղբանտարկյալ՝ այս ինչը քաղբանտարկյալ է, այնինչը քաղբանտարկյալ է: Կներեք, դուք ինչո՞ւ քաղբանտարկյալ չեք, մեկը կարո՞ղ է բացատրել:

 

Այսինքն՝ դուք դրանով ասում եք, որ նրանք, ովքեր բանտում են, նրանք «ասերն» են, հազար ներողություն, բայց ես ձեզնից եմ եզրակացնում, այստեղ մնացել է այն ընդդիմությունը, որն իշխանությանը ոչ մի բանով ոչ սպառնում է, թող խոսեն էլի։ Այ իսկական «ասերը», որից սարսափում է իշխանությունը, սարսափում է, Ձեր ինքնագնահատականը զարմանալի է։

 

Իրականում շատ թեմա կա, կես ժամն էլ, մեկ ժամն էլ քիչ է։ Ասում են՝ հարյուրավոր գերիներ կան, անհետ կորածների հարազատները եկել են ինձ մոտ և ասում են՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հարյուրավոր գերիներ կան։ Հիմա ես Ձեզ առաջարկում և խնդրում եմ, հրավիրեք անհետ կորած համարվող զինվորների հարազատներին և ասեք ձեր տվյալը որտեղից է, կամ մեզ ասեք, ի՞նչ ֆորմատով է Ձեզ հարմար, գրավոր գրեք, մեզ էլ տվեք, իրենց էլ տվեք այդ տեղեկատվությունը։ Ես Ձեզ պաշտոնապես խնդրում եմ՝ տվեք այդ տվյալները, որոնք ունեք, հրավիրեք անհետ կորած համարվող զինվորների հարազատներին և իրենց ասեք՝ որտեղից այդ տվյալները։

 

Այսքան խոսեցին գերիների մասին և ոչ մեկը չհիշեց, որ դեկտեմբերին 32 գերի վերադարձել է Հայաստան, ոչ մեկը չհիշեց։ Ընդդիմադիր պատգամավոր մեր գործընկերներից կեսն ասում է, թե դատարաններն ինչպես ուզում՝ կառավարում են, սա են անում, նա են անում, մյուս կողմը գալիս է այս ամբիոնում, ասում է՝ տեսեք՝ այս դատարանն այս որոշումն է կայացրել Ձեր դեմ, այն դատարանն այն որոշումն է կայացրել Ձեր դեմ, նախարարի դեմ կայացրել են, վարչապետի աշխատակազմի դեմ կայացրել են,

հաջորդ ելույթում ասում է, որ այս երկրում դատարանները որոշում են երկու մարդ, ինչպես ուզում են, ոչ անկախ դատարան կա, սա անլուրջ խոսակցություն է։

 

Երեք ուսումնական ձեռնարկների հեղինակ, գիտաշխատող, դոցենտ, դասախոս, իր ասելով՝ ազգային ընտանեկան արժեքների համար պայքարի դիրքերից հանդես եկող կին, երեք զավակների մայր՝ Արմենուհի Կյուրեղյանը գալիս է այս ամբիոնում ասում է՝ մեր բակում ոչ միայն ասում են, այլև անում են: Ի՞նչ։ Ու հետո խոսում է Ակադեմիական քաղաքից, թե քանդում եք բուհական համակարգը: Սա այն է, ինչ պետք է իմանալ Ակադեմիական քաղաքի մասին, որովհետև այն, որ մեր բուհական համակարգը, գիտական կոնտենտն 90-ականներից պակասել է և եկել է այս գողական կոնտենտը, որ «մեր դեկանատի դեմը, ինչ-որ ասվումա, էտի արվումա»։

 

Եվ այս մարդիկ եկել, խոսում են կրթությունից, բուհական համակարգից և ոչ մեկը չի ասում՝ այսօր ուսանողը որտե՞ղ է ապրում, մարզերից եկող ուսանողը որտե՞ղ է ապրում։ Վճարովի ընդունվում է, որտե՞ղ է ապրում, ո՞ւր են հանրակացարանները: Բուհական համակարգի համար մտածող ձեր ջանին մեռնեմ, ո՞ւր են բուհական հանրակացարանները։ Քանի՞ ուսանողի քանի ԲՈՒՀ է կարողանում ապահովել հանրակացարանով, թե այդ բուհական կրթությունը ձեզ համար միայն հարուստների տեղ է, որտեղ «Պորշ կայեններ»-ով գան, «Բռաբուսներ»-ով գնան։

 

Այսօր մեր բուհական համակարգը, կներեք, բայց հոգեվարքի մեջ է, դուք դա չեք նկատում։ Եթե մենք լինենք անպատասխանատու իշխանություն, կասենք՝ ինչ լինում է, թող լինի և դուք արել եք դա, ասել եք՝ լավ է էլի, ինչ ասում ենք՝ անում են, ոնց ասում ենք՝ անում են, ջահելներն էլ թող ֆռֆռան, բակի կանոնները մտցնեն ԲՈՒՀ-ի հայաթներ, ուրեմն նայեք՝ ստեղ սենցա, էսի մեր Ժորիկն ա, էսի մեր Գևորիկն ա, էն դասախոսը լավ տղա ա, էն դասախոսը լավ տղա չի, որովհետև հարց-մարցա տալիս։ Բա Արմենուհի Կյուրեղյանն էլ պիտի ասի՝ մեր բակում ոչ միայն ասըմ են, այլև անըմ են։ Սա այն է, ինչ պետք է իմանալ մեր այսօրվա բուհական համակարգի՝ ոչ ամբողջի, բայց, ցավոք սրտի, մի զգալիի մասին։

 

Պատմությունով սկսեցինք, պատմությունով էլ ավարտենք։ Հարգելի գործընկերներ, հայ ժողովրդի պատմության այսօր գոյություն ունեցող բովանդակության, տոկոս ասեմ, թող սխալվեմ՝ 70-80 տոկոսը ձևավորվել է Խորհրդային Միության շրջանում, հայ ժողովրդի պատմությունը Խորհրդային Միության շրջանում եղել է աշխարհաքաղաքական ընկալումների որոշակի տրամաբանության մեջ, որ հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ հիմքեր, ամեն ինչ պետք է անել, որ այս ժողովուրդը վախենա իր տարածաշրջանում առանց հովանավորության ապրել։ Այն բովանդակությունը, որ կա հայ ժողովրդի պատմության, այսօր 90 տոկոսը հետապնդում է այս քաղաքական նպատակը և այսօրվա նարատիվների, պատմական Հայաստանի նարատիվների մի հսկայական մասը ներշնչված է Սովետական Միության, այսինքն՝ կայսրության վարած տարածաշրջանային քաղաքականությունից, որովհետև այդ պատմությունը ստեղծվել է մի պարզ տրամաբանությամբ։ Խորհրդային միության ժամանակ եղել են իրադարձություններ և ես շատ եմ հետաքրքրվում, ասում եմ լավ, ո՞նց էլի Խորհրդային Միության ժամանակ այս իրադարձությո՞ւնը, այս իրադարձությունները, որոնք այսօր մենք հանգիստ տեղավորվում էինք ազգային տրամաբանության մեջ, ո՞նց տեղի ունեցան դրանք:

 

Ասում են՝ մեր ուսանողությունը հաղթեց КГБ-ին, իրականում КГБ-ն հաղթեց մեր ուսանողությանը և նրան դրեց մի վիճակի մեջ, որ իրեն թվա, թե ինքը մեծ նվաճման է

հասել, մինչդեռ ինքը ոտքով, գլխով, կոշիկով, ամեն ինչով ընդամենը հագնում է ֆորպոստի ֆորման։

 

Եվ մեր ասածը հետևյալն է. ասում եք պատմության գիրքը լավը չէ: Այսօր որոշեցի, որ գնամ ամբողջը կարդամ, չգիտեմ ինչ ժամանակում։ Լսեք, լավը չէ՞, որակով չէ՞, կդարձնենք որակով, բայց մենք ենք գրում այդ պատմությունը, հասկանո՞ւմ եք տարբերությունը որն է: Ձեր ասած լավ պատմության հեղինակը մենք չենք, այդ պատմությունը գրել է կայսրությունը մեզ համար մի նպատակով, որ մենք չլինենք պետություն, որ մենք չլինենք պետություն, որ մենք լինենք ֆորպոստ։

 

Մենք ասում ենք՝ մենք գրենք մեր պատմությունը և ինչպես այսօր մեր կառուցած սեփական ձեռքերով դպրոցը վատն է լինելու և այդ դպրոց կառուցելով ենք դպրոց կառուցել սովորելու։ Մեր ձեռքով գրած պատմությունը վատն է լինելու, որովհետև մենք չգիտենք որ դարից ինքնուրույն պատմություն գրել, միջնադարից այս կողմ մեր պատմությունները կայսրություններն են գրել։ Այդ մեծ անունները, որ դնում եք, այդ բոլոր մեծ անուններն ուղիղ կապով կապված էին կայսրության հետ և կայսրության սոցիալ-հոգեբանության և ավանդույթի մեջ են։

 

Եվ մենք, այո, մենք ենք գրում, որովհետև մենք պատմություն գրել էլ չգիտենք, որովհետև մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել, ասել են՝ մենք կգրենք՝ կտանք, կարդացեք, անգիր արեք և պատմեք։ Մենք այսօր գրում ենք մեր պատմությունը և իմ հիմնական զեկուցման մեջ հիմնական ուղերձը հենց դրա մասին էր, որ ժողովուրդ՝ եկեք դուրս գանք ուրիշների մեզ համար գրած պատմությունից և նախ կերտենք, զուգահեռաբար ձևակերպենք, գրենք, ստեղծենք մեր պատմությունը։

 

Եվ ամենավերջին բառերը նրա մասին է, որ հենց այսօր, հենց այս դահլիճում այդ պատմությունը ստեղծվում է, այդ պատմությունը կերտվում է։ Փառք նահատակներին և կեցցե ՛ Հայաստանի Հանրապետությունը»։