Բացել լրահոսը Փակել լրահոսը
45244_b
A A
Պաշտոնական

Վարչապետն ընդունել է բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:

Վարչապետը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում Տիգրան Իզմիրլյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու կարևոր առիթով: «Իսկապես շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, այն մեր երախտագիտության արտահայտումն է այն գործունեության համար, որը Ձեր ընտանիքը ծավալել և ծավալում է մեր հանրապետությունում։ Մենք հույս ունենք, որ համագործակցությունը, որ կարողացել ենք ձևավորել կառավարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև, կլինի շարունակական»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Սարգիս Իզմիրլյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել. «Պատիվը, որին Դուք արժանացրել եք իմ հայրիկին, անգնահատելի է։ Այն ամենը, ինչ նա արել է Հայաստանում տասնամյակներ շարունակ, արել է Հայաստանի մարդկանց համար, այլ ոչ պատվի ու գովասանքի արժանանալու նպատակով։ Իրականում մենք չենք ցանկանում, որ մարդիկ իմանան ինչ ենք մենք անում, մենք անում ենք մարդկանց համար, ոչ թե մեզ համար։ Ուրախ ենք լինել այստեղ՝ Հայաստանում»,- ասել է Սարգիս Իզմիրլյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր:

Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ նախագահական նստավայրում: