Դա տեղի չունեցավ, քանի որ նոր իշխանությունները վարվեցին այնպես, ինչպես նախկիները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեզ չհաջողվեց գտնել գեթ մեկ վկա, որ ցուցմունք տար, բոլորը վախեցան։ Բայց պարոնայք, արդեն 2021-2022 թվականներն են, եկեք խոսեք։ Դա միայն «Ա1+»-ի խնդիրը չէ, դա պետք է մեր հասարակության առողջացման համար»,- ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով «Ա1+»-ի եթերազրկմանը։
22 տարի առաջ այս օրը՝ 2002թ․ ապրիլի 2-ին «Ա1+»-ը եթերազրկվեց։ Դատական բազմաթիվ ատյաններ անցնելուց, անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաղթելուց հետո «Ա1+»-ի խախտված իրավունքները չվերականգնվեցին։ Այսօր «Ա1+»-ը կրկին դատական գործընթացների մեջ է։
Թե' Արա Ղազարյանը, թե' «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը զարմանում են, որ անգամ հեղափոխությունից հետո հնարավոր չեղավ հասնել արդարադատության։ Արա Ղազարյանը գտնում է, որ հեռուստաընկերության գործը պետք է քննվեր անցումային արդարադատության շրջանակներում։
«Հիմա իմ քննադատությունն այն է, որ դուք եթե իսկապես անցումային արդարադատության մասին էիք խոսում, քանի որ գտնում էիք, որ այդ գործերն իրավական գործընթացներով հնարավոր չէր քննել, «Ա1+»-ը դրա լավագույն օրինակն է։ Որևէ բան չարեցին։ Մտածում էի՝ գուցե պատճառը պատերազմն էր, բայց երբ քննարկումները սկսեցինք, հասկացանք, որ այդ հարցն օրակարգում չկա»,- ասաց Արա Ղազարյանը։
Մեսրոպ Մովսեսյանն էլ ասում է, որ հիմա ինքը, «Ա1+»-ը չեն էլ ցանկանում հեռուստատեսային եթեր վերադառնալ։ Կա ինտերնետ հարթակ, որտեղ լրատվամիջոցը հաջողությամբ շարունակում է իր գործը։ «Բայց դատական գործընթացը սկզբունքային հարց է։ Պետք է վերականգնվեն մեր խախտված իրավունքները»,- հավելեց Մեսրոպ Մովսեսյանը։
«Ա1+»-ի դատական գործընթացների, նախկին ու ներկա իշխանությունների վերաբերմունքի, մամուլի և այլ հարցերի մասին մանրամասները՝ տեսանյութում։