Մաքրվում են գետերի հուները. քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ինչ ասես, որ չեն նետում մարդիկ գետ` անվադողեր, դոշակներ, ահավոր գարշահոտություն է »,- պատմում են էրեբունիի բնակիչները:
Երևանում մեկնարկել է գետերի հուների մաքրումը: Երևանի քաղաքապետարանն ամեն տարի գարնանն աշխատանքներն իրականացնում է առանձին կազմակերպության ուժերով: Դրա համար գործի է դրվում և իջեցվում հատուկ տեխնիկա: Հիմնական խնդիրը, այսպես ասած, «սեփական տների» հատվածում է:
«Աշխատանքները շարունակվում են մեկ ամիս: Դրանք ընդգրկում են մոտ 18 կմ հատված: Այդպես գետերի հուներն ամբողջ երկայնքով մաքրվում են»,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Այս օրերին աշխատանքները Ավանի և էրեբունու տարածքում են: «Գետառ»-ի և «Ողջաբերդ»-ի հուներից բացի մաքրվում են նաև ջրանցքները: Փակ՝ թունելային որոշ հատվածներում ամբողջ աղբը դուրս է բերվում ձեռքով:
«Ամեն տարի դուրս է բերվում մոտ 4000 խմ աղբ, որը տեղափոխվում է աղբավայր»,- ասում է կազմակերպության տնօրեն Ալեքսան Հարությունյանը:
Գետերի հուներն առաջնահերթ մաքրվում են ջրի հոսքն ապահովելու համար: Քաղաքի ջրային ռեսուրսները կարևոր են նաև բնապահպանական առումով:
Ի˚նչ անել, որ քաղաքի գետերն ու ջրանցքները չաղտոտվեն՝ պատասխանը մեկն է. չթափել աղբն ու մաքուր պահել այն: Քաղաքային իշխանությունը տարիներ շարունակ հորդորում է բնակիչներին, տեսնելու դեպքում էլ տուգանում՝ մինչև 50.000 դրամի չափով: Սակայն սա անգամ խնդրի լուծում չէ:
«Մարդիկ չեն հասկանում, որ սա գնում է Երևանյան լիճ և այնտեղից էլ Արարատյան դաշտավայր ու վտանգավոր է աղտոտումը» ,-նկատում են բնակիչները:
Գետերի հուները մաքրվում են նաև տարվա ընթացքում: Քաղաքն այս աշխատանքների համար ավելի քան 38 մլն դրամ է ծախսում: