Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ժողովրդին բառացի խաբել եք, ընտրություններով հանելու ենք ձեզ. Մարությանը` իշխանություններին (տեսանյութ)

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ թույլ չտվեցին ելույթ ունենալ։ Խոսքը 5 րոպեանոց ելույթի մասին էր։ «Սա խոսում է այն մասին, որ մարդիկ վախենում են իմ րոպեանոց ելույթից, ինչը և՛ իրավական, և՛ բարոյական նորմերի խախտում է։ Նաև մի բան է ապացուցում, որ այս մարդիկ չեն ուզեցել հեղափոխություն անել, չեն ուզեցել ժողովրդի վիճակը լավացնել, իրենք դեմ չէին ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, իրենք ուզում էին, որ իրենք լինեին ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի տեղը»,- ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետը։

«Իհարկե, նախկին իշխանությունները պատերազմի էին մասնակցել և սխալ էին հասկացել, որ պատերազմից հետո պետք է թալանեն մեր պետությունը, բայց դուք այդ թալանը մերժելու լոզունգներով եք եկել՝ թալանը մերժելու վրա եք եկել, ժողովրդին բառացի խաբել եք։ Դեմոկրատական պրոցեսները շատ կոպիտ ձևով նահանջում են», - նշեց Մարությանը։

Անդրադառնալով ավագանու նիստի օրակարգային՝ տրանսպորտի թանկացման թեմային՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարը մատնացույց արեց քաղաքապետ Ավինյանի նախընտրական ծրագիրը․

«Իրենց ծրագրերում երբևիցե ասե՞լ են, որ եթե իրենք իշխանության գան, կարմիր գծերը թանկացնելու են, տրանսպորտը թանկացնելու են։ Սա դեռ սկիզբն է, ժողովուրդ ջան»։

Տրանսպորտի գների նման թանկացումն ու գնային նման փաթեթ քննարկման բերելը մի երկրում, որտեղ 30 տոկոս աղքատություն կա՝ անհեթեթություն է, ասում է նախկին քաղաքապետը։ 

«Մեր ֆրակցիան բոյկոտելու է այս հարցը, և կոչ ենք անում ընդդիմադիր ֆրակցիաներին բոյկոտել տրանսպորտի հարցի քննարկումը»,- հայտարարեց Հայկ Մարությանը։

«Կարմիր գծերի թանկացումը ենթադրում է մարդկանց բերել դեպի հանրային տրանսպորտ։ Այստեղ արդեն հանրային տրանսպորտի թանկացումը ոչ մի լոգիկայի մեջ չի տեղավորվում»,- ասաց նա՝ նշելով, որ համոզված է, որ քայլերի նման հաջորդականությունը իշխանությունների կողմից տանում է դեպի հանրային տրանսպորտի շահագործման և աղբահանության իրականացման մասնավորեցման։

Նա հորդորեց քաղաքային իշխանություններին նման քայլերի չգնալ, այլ ընդունել խմբակցության կողմից առաջարկվող՝ միասնական տոմսի քարտ ունենալու տարբերակը։

«Մեր քաղաքական ուժը ինստիտուցիոնալ որոշումներով գնալու է ընտրությունների և հանելու ենք այս իշխանությունը, ձևավորելու ենք նոր իշխանություն, որհ իրականում կանի, այն ինչ ասում էին 18 թվականին»,- ասաց նա։