Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ի վերջո հանրությունը կամ սուբյեկտները տուգանքի մատերիալ են, թե տուգանքի մատերիալ չեն․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է զեկուցվել կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և տեսչական մարմինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին։ Ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել իրականացված ստուգումների, վերահսկողական, իրազեկման միջոցառումների մասին։ Ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից հաշվետու տարում ստացված հանձնարարականների կատարողականները, առկա խնդիրները, գնումների, ռիսկերի գնահատման և վերլուծության գործընթացները, առաջիկայում պլանավորված կարևորագույն միջոցառումները: Տեսչական մարմինների կողմից ներկայացված հաշվետվություններն ամփոփելիս` ներկայացվել են համակցված ցուցանիշներ, որոնք վերահաստատել են ռիսկերի վրա հիմնված ստուգումների թիրախային բնույթը և արդյունավետությունը: 2023-ի ընթացքում տեսչական մարմիններն իրականացրել են ընդհանուր 7757 ստուգում, որից 2360-ը՝ պլանավորված, իսկ 1854-ը՝ չպլանավորված: Պլանավորված ստուգումների կատարողականը կազմում է շուրջ 90 տոկոս։ Նշվել է, որ պլանավորված ստուգումների դեպքում խախտումներ բացահայտվել են 80 տոկոս դեպքերում, իսկ չպլանավորված ստուգումների ժամանակ՝ 38, ինչը, ըստ պատասխանատուների, նշանակում է, որ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգն արդյունավետ է գործում, որի արդյունքում ստուգումներն իրականացվում են առավել թիրախային։ Միաժամանակ, 2023 թվականի ընթացքում Գրասենյակի կողմից շրջանառվել և կյանքի են կոչվել ընդհանուր թվով 79 իրավական ակտ, որից 39-ն՝ օրենքների, 25-ը՝ կառավարության և 15-ը՝ վարչապետի որոշումների տեսքով։ Մասնավորապես, իրականացվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում օրենսդրական փոփոխություններ, որով տեսչական մարմինը գործնականում հնարավորություն է ստացել փակելու հրդեհային կամ տեխանվտանգության կանոններին չհամապատասխանող այն օբյեկտները, որոնց շահագործումը ենթակա էր անհապաղ կասեցման։ Ըստ պատասխանատուների՝ նշված փոփոխության հետևանքն ավելի քան ակնառու է՝ փակվել են, որոշ դեպքերում նաև ՏԻՄ-երի աջակցությամբ ապամոնտաժվել են հրդեհային անվտանգության կանոններին չհամապատասխանող օբյեկտներ, որոնք տարիներ շարունակ անխոչընդոտ գործել են։ Մեկ այլ դեպքում օրենքով սահմանվել է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքն ընդունվել է 2023-ի տարեվերջին, օրենքի ընդունման մասին հանրային իրազեկման աշխատանքների արդյունքում արձանագրվել է սպանդանոցային ծագման մսի շրջանառության աննախադեպ աճ՝ համեմատած նախորդող բոլոր ժամանակահատվածների հետ։ Առանձնացվել են նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունները, որոնցով վերանայվել են այնպիսի պատասխանատվության միջոցներ, որոնք գործում էին 90-ականներից, և այդ միջոցների կիրառումը որևէ կանխարգելիչ ազդեցություն չուներ իրավախախտումները զսպելու առումով։ Բացի նշված իրավական ակտերը, հաշվետու ժամանակահատվածում այլ մարմիններից Տեսչական մարմինների գրասենյակ են ներկայացվել 1000-ից ավելի իրավական ակտերի նախագծեր, և առնվազն 60 տոկոս դեպքերում ներկայացվել են առաջարկություններ-դիտարկումներ։ Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է տեսչական մարմինների կողմից ստուգումների արդյունքներին, բացահայտված խախտումներին և նշել. «Հանգում է հարցը հետևյալ շատ հայտնի թեմային՝ ի վերջո հանրությունը կամ սուբյեկտները տուգանքի մատերիալ են, թե տուգանքի մատերիալ չեն: Այդտեղ հայեցակարգային տարբերությունը հետևյալի մեջ է, ընդ որում, ճանապարհային երթևեկության հետ կապված, մենք այդ խնդիրն արդեն լուծել ենք: Իսկ տարբերությունը հետևյալի մեջ է, ենթադրենք հիմա անդրադառնանք փոշու խնդրին: Ասում է՝ փոշու հետ կապված խախտել եմ, ասում է՝ ինչքան է տուգանքը, 100 000, վերցրու, գնացինք և շարունակեցի նույն ձևով գործել: Հաջորդ անգամ եկավ տեսչական մարմինը. «խախտել եմ, ինչքան է տուգանքը, երկրորդ անգամ 200 000, խնդիր չկա, վերցրու» և երրորդ, չորրորդ, հինգերորդ, տասներորդ անգամ նույնը: Ճանապարհային երթևեկության պարագայում մենք այդ խնդիրը լուծեցինք: Ո՞նց լուծեցինք, որովհետև նորից այս փիլիսոփայությունն էր դրած: Մենք փոխեցինք, ասացինք՝ կգա բալային համակարգ, և եթե դու իքս պահի շարունակում ես խախտելը, կզրկվես վարորդական իրավունքից և հաջորդ անգամ վարորդական իրավունք ստանալու համար նորից քննություն կհանձնես: Նույնիսկ դեպքեր կան, որ գնում է քրեական գործ, քրեական պատասխանատվություն: Այսինքն՝ այստեղ նաև ինչ-որ առումով քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ ապահովելու խնդիր է, որովհետև այնպես չէ, որ եթե մեկը փող ունի, կարող է անընդհատ վճարել և խախտել»: https://a1plus.am/hy/article/469731