Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց հանքը դեռ չկա

Մարզեր
98b232db96682bb9664f01be63db258f

Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատը՝ «Դինո Գոլդ Մայնինգ քամփնին» մտադիր է շահագործել Շահումյանի բաց հանքը։

Երեկ Կապանի քաղաքապետարանում ձեռնարկության հերթական նախագծի հանրային քննարկումն էր` նվիրված Շահումյանի հանքավայրի ընդլայնման ընթացքում շրջակա մրջավայրի վրա ազդեցության գնահատմանը:

«Էկո Թիմ» ՍՊԸ-ի կատարած ուսումնասիրության արդյունքները չբավարարեցին քննարկմանը մասնակից բնապահպաններին, ՀԿ ներկայացուցիչներին, ձեռնարկության նախկին աշխատողներին, ավագանու անդամներին:

«Կոմբինատը պետք է գործի՝ նվազագույնին հասցնելով բնապահպանական խնդիրները, որոնք առաջանում են ձեռնարկության գործունեության ընթացքում»,- ասում էին հավաքվածները: Նրանց մտահոգում էր նաեւ այն սոցիալական ծրագրերն ու նոր աշխատատեղերի բացումը, որը հնարավոր է նախագծի իրականացումից հետո:

Քննարկման սկզբում կոմբինատի բնապահպանության բաժնի պետի պաշտոնակատար Հասմիկ Մկրտումյանը ներկաներին ծանոթացրեց փաստաթղթին' նշելով, որ ֆաբրիկան այսօր աշխատում է իր հզորության ընդամենը 20-30 տոկոսով, եւ որոշում է կայացվել ընդլայնել ձեռնարկության հզորությունները' տարեկան 300 հազար տոննայից անցնելով 600 հազար տոննա հանքաքարի արդյունահանման:

Նախագծում ներկայացված են ընկերության արտադրական գործընթացները եւ հզորությունը մինչեւ ընդլայնումը, բերված են ելքային բնակլիմայական պայմանները, նախատեսվող ընդլայնման բնութագրերը եւ ցուցանիշները: Ներկայացված տեղեկությունների եւ տվյալների հիման վրա հաշվարկվել են ընդլայնման արդյունքում շրջակա միջավայրի վրա սպասվող ազդեցության ցուցանիշները: Հ.Մկրտումյանը նշեց, որ հանքաքարի արդյունահանումը կատարվելու է միայն փակ եղանակով: Իսկ հանքավայրից հանքաքարի արդյունահանման նախագիծը կներկայացվի որոշ ժամանակ հետո: Առայժմ այն ներկայացված է ՀՀ բնապահպանության փորձաքննությանը:

«Խուստուփ» ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը ուշադրությունը հրավիրեց հանքաքար տեղափոխող մեքենաների անվադողերի լվացման, նաեւ հանրապետությունում միայն կոմբինատի Թեջադինի հանքի շրջակայքում աճող վայրի քաջվարդի էնդեմիկ տեսակի պահպանման հարցերին:

«Դինո Գոլդի» ներկայացուցիչները ասացին, որ հանքավայրի ընդլայնման արդյունքում հանքաքարի արդյունահանումը կկատարվի միայն փակ եղանակով: «Բաց հանքի մասին ներկայումս խոսք չկա, իսկ փաթեթում նշված հանքը վերաբերում է կենտրոնական բաց հանքին, որը փակվել եւ հանձնվել է պետությանը»,-ասաց ձեռնարկության հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը։

Արմեն Դավթյան, Կապանի "Սոսի" Հ/Ը