AknEye նախագծի աջակցությամբ Փարիզում կայացել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը
Աջակցիր «Ա1+»-ինAknEye մշակութային նախագծի աջակցությամբ օրերս Փարիզի Ալեք Մանուկյան հայկական մշակութային կենտրոնում կայացել է նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-երեկոն: Կազմակերպմանն աջակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը և Ֆրանսիայի ՀԲԸՄ-ն:
«Քոչարյան գծի մոգական փոխհատումները» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Մաեստրոյի՝ փարիզյան շրջանի առանց նախնական ուրվանկարի, ձեռքի ազատ, սահուն, չընդհատվող շարժումներով, սեղման տեխնիկայով կատարված գրաֆիկ ստեղծագործությունների վերատպությունները: Այցելուներին նաև ներկայացվել է թանգարանի կողմից ստեղծված և Մաեստրոյի կյանքն ու ստեղծագործական ընթացքը պատկերող տեսաֆիլմը՝ ֆրանսերենով, ինչպես նաև Երվանդ Քոչարի թանգարանի ներկայիս գործունեությունն ու առաքելությունը:
Արվեստագետի յուրօրինակ ընկալումներն իրենց արտահայտումն են գտել նաև ֆիջիթալ՝ ֆիզիկական ու թվային տարբերակով: Արվեստասերները հնարավորություն ունեցան պրոյեկցիայի միջոցով տեսնելու AknEye-ի այլընտրանքային մոտեցումներով վերստեղծված հայտնի «Կինն ու աքաղաղը» ստեղծագործությունը, որը ինչպես ենթադրվում է, հեղինակի ինքնանկարն է:
Երեկոյի ընթացքում այցելուները ծանոթացել են AknEye մշակութային նախագծի նորարարական լուծումներին, վայելել Երվանդ Քոչարի անափ երևակայության դրսևորումները և նորովի են բացահայտել վարպետի բացառիկությունը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ու սեղման տեխնիկայով արված գործերի մոտիվներով ստեղծված ինստալյացիաների շնորհիվ: