Բացել լրահոսը Փակել լրահոսը
2293ff45fb4a66073e65e8a95836fd40
A A
Հասարակություն

Երևանի ավագանին կքննարկի հասարակական տրանսպորտի ավտոբուսներով ուղևորությունների սակագների հարցը

 Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը կեղծ է համարում ընդդիմության կողմից տարածվող լուրերը, թե Երևանում տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ։ Գալջյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սիրելի երևանցիներ,

ընդդիմության կողմից տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ, կեղծ են:

Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով առաջարկվում է տարբեր սակագնային փաթեթներ՝

մեկանգամյա, մեկօրյա և շաբաթական, որոնց հիմնական շահառուն լինելու են զբոսաշրջիկները, ինչպես նաև ամսական, եռամսյակային և տարեկան, որոնց հիմնական շահառուները լինելու են ամենօրյա օգտվող քաղաքացիները, ինչպես նաև գործելու են արտոնյալ սակագներ թոշակառուների, ուսանողների և այլ խմբերի համար:

Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի աշնանը, երբ երթուղի դուրս կգան նոր 171 ավտոբուսները:

Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ yerevan.am կայքում»,- նկատել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:

Ըստ Երևանի քաղաքապետարանի կայքի, փետրվարի 13-ին գումարվելու է Երևանի ավագանու նիստ, որի օրակարգի 7-րդ հարցով քննարկվելու է «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» նախագիծը։