Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն

Սա է պատճառը, որ Արևմուտքը հենց այս պահին է կոշտացման գնում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
 
Արևմուտքը կոշտացնում է Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը, որի դրսևորումներից մեկը` Եվրոպայի խորհրդրի խորհրդարանական վեհաժողովից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների չվավերացումն է, ինչը նշանակում է, որ նվազագույնը 1 տարով Ադրբեջանի պատվիրակությունը հեռացվում է ԵԽԽՎ-ից:
 
Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն իր գործողություններով մեծ վնաս է հասցնում Արևմուտքի` Հարավային Կովկասում հռչակած ռազմավարական նպատակներին:
 
Ինչ է դա առաջին հերթին ենթադրում: Արևմուտքը ՌԴ-ի հետ ագրեսիվ դիմակայության պայմաններում, փորձում է տարածաշրջանում իրավիճակն իր ձեռքը վերցնել, իսկ դա այս փուլում ենթադրում է խաղաղության և կայունության հաստատում:
 
Սա մի գործընթաց է, որը խորհրդային միության փլուզումից հետո մշտապես իր ձեռքում էր պահում ՌԴ-ն:
 
Այս պահին խաղի կանոններ սահմանելու և դրանք պահպանելու շրջանակներում մեծ պայքար է ընթանում, իսկ Ադրբեջան, ըստ էության, Արևմուտքի հետ ներքին պայմանավորվածությունները չի կատարում:
 
Իսկ պայմանավորվածությունը հետևյալն էր` Արցախը հանձնվում է Ադրբեջանին, իսկ Հայաստանի հետ կապված հարցերը բանակցությունների միջոցով է կարգավորվում:
 
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ նոր տարածքային պահանջներ ներկայացնելով, ինչպես նաև` հիմնական ուղղություններով աշխատանքը տապալելով ձախողում է խաղաղության հեռանկարը, ինչը Արևմուտքի հաշվարկների մեջ չի մտնում:
 
Սա է պատճառը, որ Արևմուտքը հենց այս պահին է կոշտացման գնում, այլ ոչ թե Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի կամ Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելուց առաջ:
 
Այն հիմնական պատճառները, որոնք պաշտոնապես դրված են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցի կիրառման հիմքում, դրանք նախորդ տարիներին արձանագրված խնդիրներ են, սակայն կրկնում եմ` քաղաքական նպատակահարմարությունն այս պահին է Արևմուտքին ստիպում նման քայլերի գնալ: