Բացել լրահոսը Փակել լրահոսը
1127767
A A
Հասարակություն

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել ռեադմիսիոն 2 միջազգային փաստաթուղթ

 ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 10-ի նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին և «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Այս մասի տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Ավստրիայի հետ ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացման գործընթացում է:

Այս գործընթացը և, առհասարակ, երկկողմ ռեադմիսիոն համաձայանգրերի համատեքստում Հայաստանի Հանրապետության կատարողականի բարձր ցուցանիշները կարևոր նախապայման են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար:
Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը խթանում են ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների ազատականացման երկխոսությունն ավելի կառուցողական հենքի վրա դնելուն: Սա թույլ է տալիս ընդգծել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը հետ ընդունելու այն անձանց, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում. այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունվարի 10-ի նիստում նշել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը», ասվում է հաղորդագրության մեջ:

«Գործնականում ունեցել ենք միջազգային պայմանագրին բնորոշ ընթացակարգերը. Արդարադատության և Ֆինանսների նախարարությունների կողմից կա դրական դիրքորոշում: Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»,- տեղեկացրել է ներքին գործերի փոխնախարարը:

Ըստ աղբյուրի՝ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ նախկինում Հայաստանն ունեցել է երկկողմ ռեադմիսիոն համաձայնագրեր ԵՄ անդամ տարբեր պետությունների հետ, սակայն այդ փաստաթղթերն արդեն չեն գործում, և պետությունները ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակից բխող պարտավորություն ունեն երկկողմ առանձին ռեադմիսիոն համաձայնագրեր կնքելու:

Նշվում է, որ նա ընդգծել է, որ վերոհիշյալ համաձայնագիրը դրանցից մեկն է:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ նմանատիպ համաձայնագրերը ոչ թե ԵՄ կողմից պարտադրանք են, որ ինչ-որ գործընթաց իրականացվի, այլ՝ երկկողմ հարաբերությունների կանոնակարգմանն ուղղված, փոխհամաձայնեցված պատրաստակամության օրինակ: «Սա թույլ է տալիս հավաստել, որ Հայաստանը պատրաստակամ է ընդունելու իր այն քաղաքացիներին, որոնք ոչ թե օրինական հիմքերով բնակվում են ԵՄ անդամ երկրներում, այլ հակառակը՝ ինքնությունը չպարզված է, չունեն անձնագիր կամ կեղծ փաստաթղթերով հայտնվել են ԵՄ անդամ երկրներում»,- նշել է փոխնախարարը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ օրակարգի շրջանակում քննարկվել է նաև «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ թեև բանակցություններին մասնակցել են նաև ԱՊՀ անդամ մյուս պետությունները, բայց այս պահի դրությամբ համաձայնագիրը կիրառում են Ռուսաստանն ու Բելառուսը:

Հայաստանը կլինի համաձայնագիրը վավերացնող երրորդ պետությունը:

Փոխնախարարը հայտնել է նաև, որ համաձայնագրով նախատեսվող վերապահմամբ՝ եթե ՀՀ-ից հետո ԱՊՀ որեւէ այլ անդամ երկիր միանա համաձայնագրին, ապա այդ պահին Հայաստանը կկարողանա դիտարկել տվյալ երկրի մասով որևէ վերապահում անելու հնարավորության հարցը:

Նշվել է, որ ԱՊՀ-ն ցանկանում է մեկ միասնական համաձայնագիր ունենալ, որի շրջանակում գործընթացները կնույնականացվեն, ու միասնական քաղաքականություն կվարվի:

Ըստ աղբյուրի՝ օրենքի նախագիծը միաձայն հաստատվել է հանձնաժողովի նիստում: