Բացել լրահոսը Փակել լրահոսը
417459029_696552805996988_5688852758694408640_n
A A
Պաշտոնական

ՄԻՊ-ը ընդունել է ՄԻԵԴ նախագահի նախկին տեղակալին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի նախկին տեղակալ Ֆրանսուազ Տյուլկենին և ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին։ ‼️
 
📢 Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության ապահովման շուրջ աշխատանքները շարունակելու հաստատակամությունը:
 
✅ Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից: Անահիտ Մանասյանը ընդգծել է նաև ոստիկանության բարեփոխումների կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։ Քննարկվել են նաև հավաքների ազատության իրավունքին, խոսքի ազատության իրավունքին առնչվող հարցեր։
 
✅ Հանդիպման շրջանակում ներկայացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանն անդրադարձ է կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
 
✅ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։
 
✅ Իր հերթին, Ֆրանսուազ Տյուլկեն և Էրիկ Դը Մույնքը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, նաև շնորհավորել Անահիտ Մանասյանին Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ ընտրվելու առթիվ։
 
📌 Հանդիպման ավարտին Պաշտպանն ու հյուրերը նախանշել են համագործակցության հնարավոր ուղղությունները։