Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ավագանին հաստատեց Երևանի 2024թ. բյուջեն և զարգացման ծրագիրը (տեսանյութ)

Երևանի զարգացումն առաջիկա հինգ տարում կապահովվի ավագանու հաստատած հնգամյա ծրագրի շրջանակում: Մասնավորապես, նախատեսվում է նորոգել Երևանի ամբողջ՝ 271 կմ ճանապարհացանցը, քաղաքային նշանակության փողոցները կհանձնվեն ընթացիկ սպասարկման: Ամբողջապես կներդրվի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցն ու միասնական տրանսպորտային համակարգը, որը ենթադրում է նոր, ժամանակակից շարժակազմերի ձեռքբերում, միասնական տոմսային համակարգ և «խելացի» լուծումներով վերազինված կանգառասրահներ: Նախատեսված միջոցառումների իրականացմամբ Երևանում այլևս չեն լինի վթարային վիճակում գտնվող վերելակներ, վերանորոգման կամ հիմնանորոգման կարիք ունեցող համայնքային մանկապարտեզներ, վարչական շրջաններում ընդհանուր առմամբ կկառուցվեն 14 նոր համալիր մարզաձևերի մարզադպրոցներ, Դալմայի այգիներում առկա 230 հա-ից ավել տարածքում կհիմնվի նոր քաղաքային այգի, Նորքի նախկին այգիներում առկա շուրջ 10 հա տարածքում էլ տնկվելու է անտառ՝ ստեղծելով բուֆերային գոտի, վերականգնվելու և արդիականացվելու է Երևանի ոռոգման համակարգի կեսից ավելին՝ շուրջ 120 կմ նոր ցանցի անցկացմամբ, ավարտին կհասցվեն Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, կենտրոնի բեռնաթափման նպատակով կկառուցվեն մի շարք այլընտրանքային ճանապարհներ: Բացի այս, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով կներդրվի ավելի քան 150 ծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակ և հարմարավետ բջջային հավելված։

***

Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2024թ. բյուջեն: Հաջորդ տարի զգալի միջոցներ կհատկացվեն քաղաքային մի շարք ծրագրերի իրականացման համար: Նախատեսվում է 4 մլրդ դրամ հատկացնել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման համար, իսկ ենթակառուցվածքների նորոգման համար` 879 մլն դրամ: Միջոցներ կհատկացվեն նաև հանգստի գոտիների, զբոսայգիների ու բակերի բարեկարգման, ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի, թեքահարթակների կառուցման, նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման և մի շարք այլ նախագծերի իրականացման համար: Ըստ հատկացումների 2024թ. նախանշված ծրագրերը՝ հղմամբ։

***

Ավագանու որոշմամբ սահմանվել են Երևանում տեղական վճարների և տուրքերի 2024թ. դրույքաչափերը: Հարկ է նշել, որ մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմանն ուղղված նախագծի շրջանակում ավագանին փոփոխություն է կատարել ավտոկայանատեղիների վճարների վերաբերյալ: Մանրամասները՝ հղմամբ։

Միևնույն ժամանակ տեղական որոշ վճարների համար ավագանին սահմանել է նաև արտոնություններ: Մանրամասները՝ հղմամբ։

***

Այս տարի Երևան համայնքը 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիքների բնակարանային խնդիր կլուծի: Ավագանու որոշմամբ վերաբնակեցված բնակիչների վթարային գույքը կհանձնվի քաղաքապետարանին, որոնք ենթակա են քանդման:

***

Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2024թ. փետրվարի 13-ին: