Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Հակոբ Միհրանյանի թեկնածությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 27-ի նիստում քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Միհրանյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:
Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա տեղեկացրել է, որ Հակոբ Միհրանյանի ավարտել ՀՀ ազգային ագրարային համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է, Հաշվեքննիչ պալատում աշխատում է 2010 թվականից:
Թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Հակոբ Միհրանյանն իր խոսքում նշել է, որ օրենսդրական բացերի շտկումը, հետհսկողության գործընթացների ամրագրումը, հաշվեքննության առարկայի եւ հաշվեքննվող օբյեկտին վերաբերվող ամբողջական տեղեկատվության հասանելիությունն առանցքային քայլեր են հաշվեքննության արդյունավետությունն ապահովելու համար:
«Եթե ինձ վստահվի այդ պաշտոնում աշխատելու պատիվը, ես պարտավորվում եմ ամրապնդել կապը պետական կառավարման եւ հանրային վերահսկողության միջեւ: Կպաշտպանեմ նախաձեռնությունները, որոնք խթանում են համագործակցային միջավայրը պետական մարմինների եւ Հաշվեքննիչ պալատի միջեւ՝ ապահովելով թափանցիկություն եւ երկխոսություն, ինչը կնպաստի հանրային կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացմանը»,- ասել է Հակոբ Միհրանյանը:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Հակոբ Միհրանյանի թեկնածությանը:
Հանձնաժողովի քննարկել է նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու մասին որոշման նախագիծը:
Գեւորգ Պապոյանն առաջարկել է դեկտեմբերի 18-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ գումարել:
Նիստում կքննարկվի ՀՀ թվային փոխակերպման թվայնացման գործընթացի հաշվետվության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
Հանձնաժողովը դրական է արձագանքել առաջարկին:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։