«Արարատը» դուրս մնաց գավաթից, իսկ «Արարատ-Արմենիան» կշարունակի պայքարը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի երկու հանդիպում:
Նախ «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց «Արարատին»: Խաղի հիմնական ժամանակում գրանցվեց 1:1 արդյունք: Լրացուցիչ ժամանակում փյունիկցիները ևս երկու գոլ խփեցին և հաղթեցին 3:1 հաշվով: «Արարատը» դուրս մնաց հետագա պայքարից:
Օրվա երկրորդ խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ հյուրընկալեց 1-ին խմբում հանդես եկող Կապանի «Գանձասարին»: Հանդիպման 80-րդ րոպեին խփած միակ գոլի հաշվին տանտերերը հաղթանակ տարան և մտան քառորդ եզրափակիչ: Ի դեպ, գոլը բավական երկար ժամանակ չարձանագրվեց, քանի որ հյուրերը գտնում էին, որ այն խփվել է խաղից դուրս վիճակում: Հանդիպման գլխավոր մրցավարից մոտ 5 րոպե ժամանակ պահանջվեց ՎԱՐ համակարգով այդ դրվագը դիտելու և վերջնական որոշում կայացնելու համար:
Այդպիսով, արդեն հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի 6 մասնակիցները: Դրանք են անցած մրցաշարի հաղթող «Ուրարտուն», եզրափակիչի մասնակից Գյումրիի «Շիրակը», Երևանի «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «ՖԱ Կիլիկիան» և Չարենցավանի «Վանը»: Մյուս երկու մասնակիցները կորոշվեն «Ալաշկերտ» - «Նոա» և «Սյունիք» - ԲԿՄԱ խաղերում: