Արազ Օզբիլիսը ավարտեց կարիերան և անմիջապես իր թեկնածությունը դրեց ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի ֆուտբոլի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսն այսօր հայտարարեց ֆուտբալային կարիերան ավարտելու մասին։
«Շատ բարդ էր կայացնել այս որոշումը։ Բայց 29 տարուց և 8 վիրահատություններից հետո որոշեցի ավարտել այն։ Կարիերայիս ավարտի մասին հայտարարում եմ այսօր, բայց այն ավարտվել է դեռևս 2014 թվականին, ծնկի 3-րդ խաչաձև վնասվածքից հետո։ Ես հետո վերադարձա խաղադաշտ, բայց այլևս այն Օզբիլիսը չէր։ Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ։ Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարեց Արաս Օզբիլիսը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, հավաքականի նախկին ֆուտբոլիստն ասաց, որ շարունակելու է մնալ հայկական ֆուտբոլում։ Ավելին, նա անակնկալ հայտարարություն արեց։
«Միշտ ասել եմ, որ կարիերայիս ավարտից հետո ուզում եմ օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կձգտեմ օգուտ բերել հայկական ֆուտբոլին», - նշեց անվանի ֆուտբոլիստը:
Մանրամասները՝ տեսանյութում։