Հայաստանի պատանի շախմատիստները ևս 3 հաղթանակ են տարել աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացավ 7-րդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչները տարան 3 հաղթանակ, կրեցին 3 պարտություն, իսկ 4 պարտիա ավարտեցին ոչ-ոքի:
Մ-18 տղաների մրցաշարում Էմին Օհանյանն ընթացիկ տուրում տարավ 5-րդ հաղթանակը, վաստակեց 5 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական: Նա այժմ 1,5 միավորով ետ է մնում միանձյա առաջատարից:
Մ-16 տարիքային խմբում Էրիկ Գասպարյանը հաղթելով ռումինացի Ֆիլիպ Մագոլդին, վաստակեց 5,5 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ: Նա երկու առաջատարներից ետ է մնում 1 միավորով: Նույն մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանն ունի 5 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը:
Աղջիկների մրցաշարում Անահիտ Մկրտչյանը (Մ-14) տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 5 միավոր և այժմ զբաղեցնում է 19-րդ տեղը: Այս խմբում առաջատարը Վրաստանի ներկայացուցիչ Անաստասյա Կիրտաձեն, որն ունի 6,5 միավոր:
Այսօր կկայանան 8-րդ տուրի պարտիաները: Էմին Օհանյանը կմրցի ՖԻԴԵ-ի վարպետ Մարկ Ջեյ Բակոջոյի հետ: Էրիկ Գասպարյանի առաջիկա մրցակիցը միջազգային վարպետ Յան Կլիմկովսկին է, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանինը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Դիեգո Մակիասը: Անահիտ Մկրտչյանը կխաղա վրացուհի Մարիամ Ցեցխլաձեի հետ:
Առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: