Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Պատվերով հրդեհ Էջմիածնում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում տեղի ունեցած հրկիզման փաստը ֆիքսել էր տեսահսկող սարքը: Այդ մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչել էր դեռևս հոկտեմբերի 14-ին: Շինանյութի խանութի աշխատակիցները պահեստում ծագած հրդեհը կարողացել էին մարել իրենց ուժերով: Հետո նաև հաշվել էին, որ պատճառվել էր մոտ չորս միլիոն դրամի նյութական վնաս:
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրական վարույթ: Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվեցին մոտ մեկ ամիս անց: Եվ ժամանակի մեծ մասն իրավապահները ծախսեցին հիմնավոր ապացույցներ ձեռք բերելու վրա:
Ըստ նախնական տվյալների` հրկիզումը, այսպես ասած, ենթամշակութային մրցակցության հետևանք էր, և այն կազմակերպել էր շինանյութի մոտակա մեկ այլ խանութի 38-ամյա սեփականատերը:
Նոյեմբերի 10-ին հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին հրկիզողները` Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 18 ու 21 տարեկան երիտասարդները: Իրենց հանցավոր արարքի համար պատվիրատուից 100-հազարական դրամ ստացած հրկիզողները կալանավորվեցին: Իսկ նոյեմբերի 12-ին իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում Վաղարշապատի քննչական բաժին ներկայացավ հրկիզման պատվիրատուն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: