Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ (2) (6)
A A
Պաշտոնական

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները արգելված իրեր են փոխանցել

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելով, կանխել են քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ արգելված իրերի ապօրինի շրջանառության և փոխանցման դեպք։

Մասնավորապես՝ 2023թ․ նոյեմբերի 4-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի մուտքի դիմաց հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ ենթասպա Հ․ Ե․-ին հիմնարկ մուտք գործելիս ենթարկել են անձնական զննության։ Վերջինս հիմնարկ էր ժամանել անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ Հ․Դ․-ին պատկանող Opel մակնիշի մեքենայով։ Ավագ ենթասպա Հ․ Ե․-ն, նկատելով օպերատիվ բաժնի ծառայողներին և զգուշանալով հնարավոր զննությունից, մինչ անձնագրային կետ մտնելը, անմիջապես իջել է մեքենայից և բացել ետևի աջ դուռը նստատեղին դրված փաթեթով սնունդը վերցնելու պատրվակով և այդ ընթացքում գրպանից հանելով կասկածելի իր՝ նետել այն մեքենայի ռետինե գորգի կողային մասում։

Նույն պահին օպերատիվ բաժնի ծառայողների կողմից դադարեցվել են Հ․ Ե․-ի բոլոր գործողությունները։ Այնուհետև հրավիրված ընթերականների ներկայությամբ կատարվել է մեքենայի զննություն, որի արդյունքում վերոնշյալ հատվածից հայտնաբերվել է էլեկտրոնային ծխախոտի առանձնացված հատված, որում առկա է եղել բաց դարչնագույն, հաշիշի յուղի նմանվող, կասկածելի հոտով զանգված։ Դեպքի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ, և Հ․ Դ․-ի համաձայնությամբ վերջինիս մեքենան կնքվել է։

«Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներ Հ․ Ե․-ն և Հ․ Դ․-ն, սահմանված կարգի համաձայն, ենթարկվել են նաև անձնական խուզարկության, իսկ կատարվածի կապակցությամբ հրաժարվել են որևէ հայտարարություն անել։

Վերոնշյալ ծառայողները ձերբակալվել են և համապատասխան ուղեկցությամբ տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 396 հոդվածի հատկանիշներով։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։