Հայաստանի երկու շախմատիստներ մնում են անպարտելի. 2023 FIDE Grand Swiss
Աջակցիր «Ա1+»-ինՄեն կղզում ընթացող շախմատի 2023 FIDE Grand Swiss խոշոր մրցաշարում կայացել են 3-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստներից Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանն առաջին հաղթանակները տարան և վաստակած միավորներով (1,5) հավասարվեցին Գաբրիել Սարգսյանին ու Սամվել Տեր-Սահակյանին, որոնք այս անգամ պարտություն կրեցին:
Մերոնցից պարտություն չեն կրել Հրանտ Մելքումյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ և վաստակած 2 միավորով այժմ բաժանում են 11-44-րդ տեղերը:
Առաջին պարտությունը կրեց նաև ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող մեր նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը: Նա նույնպես ունի 1,5 միավոր: Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը հաղթեց հենց Սամվել Տեր-Սահակյանին, վաստակեց 2,5 միավոր և այժմ գտնվում է մրցաշարի 10 առաջատարների թվում:
Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Սեմ Շենքլանդի հետ: Հայկ Մարտիրոսյանը սևերով կմրցի ղազախստանցի Ռինատ Ջումաբաևի հետ:
Զուգահեռ ընթացող կանանց մրցաշարում Հայաստանի շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը ընթացիկ տուրում պարտվեցին և վաստակած 1-ական միավորով այժմ բաժանում են 32-46-րդ տեղերը: Այսօր նախատեսված 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի լեհ Մոնիկա Սոչկոյի հետ: Մարիամ Մկրտչյանը սևերով ուժերը կչափի գերմանուհի Դինարա Վագների հետ: