Հայ շախմատիստները առաջին միավորները կորցրին. 2023 FIDE Grand Swiss
Աջակցիր «Ա1+»-ինՄեն կղզում անցկացվող շախմատի 2023 FIDE Grand Swiss խոշոր մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարը հաղթանակով մեկնարկած մեր երեք շախմատիստներն այս անգամ կորցրին առաջին կես միավորները: Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց իրանցի Պարհամ Մաղսուդլուի հետ, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը սևերով հաշտություն կնքեցին համապատասխանաբար ռուսաստանցի Եվգենի Նայերի և գերմանացի Նիկլաս Հյուշենբեթի հետ:
Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը ընթացիկ տուրում հաղթեց նիդեռլանդցի Յորդեն վան Ֆորեստին և միավորներով հավասարվեց իր թիմակիցներին (սույն չորս շախմատիստները Հայաստանի հավաքականի անդամ են):
Առաջին կորուստը կրեցին նաև ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը, որոնք նույնպես ունեն 1,5-ական միավոր և այժմ բաժանում են 8-38-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 7 շախմատիստ, որոնք վաստակել են 2-ական միավոր:
Այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանը սևերով կհանդիպի ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ: Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կմրցի նորվեգացի Արյան Տարիի, Գաբրիել Սարգսյանը՝ ֆրանսիացի Մարկ-Անդրիա Մաուրիցիի հետ: Սամվել Տեր-Սահակյանն ուժերը կչափի իր հայրենակից Սամուել Սևյանի հետ: Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն ուզբեկ Ջավոխիր Սինդարովն է:
Զուգահեռ ընթացող կանանց մրցաշարում Հայաստանի պատվիրակներ Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 2-րդ տուրում ոչ-ոքի են խաղացել իրար հետ և այժմ 1-ական միավորով բաժանում են 14-39-րդ տեղերը: Այսօր նախատեսված 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով կմրցի մոնղոլ Բաթհույագ Մունգուլթուլի հետ, իսկ Մարիամ Մկրտչյանը սպիտակներով ուժերը կչափի վրացուհի Լելա Ջավախաշվիլու հետ: