Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների պատրաստմամբ աշխարհում առաջինը «Այաքսն» է
Աջակցիր «Ա1+»-ինCIES Football Observatory ընկերությունը կազմել է աշխարհի ֆուտբոլային ակումբների նոր վարկանիշ, ըստ որի պարզ է դառնում, թե որ ակումբներն են բոլորից շատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ պատրաստել իրենց ակադեմիաներում, որոնք այժմ հանդես են գալիս 48 առաջատար երկրների բարձրագույն լիգաներում:
Առաջին տեղը զբաղեցնում է Ամստերդամի «Այաքսը», որի 86 սաներ այժմ հանդես են գալիս պրոֆեսիոնալ ակումբներում: Նիդեռլանդական ակումբից մեկ ֆուտբոլիստով ետ է մնում Լիսաբոնի «Բենֆիկան»: Ապա հաջորդում է Լիսաբոնի մյուս ակումբը՝ «Սպորտինգը»՝ 83 սան:
Սակայն, եթե հաշվի ենք առնում եվրոպական թոփ 5 լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստներին, ապա առաջին տեղում Մադրիդ «Ռեալն» է, որի 44 սաներ հանդես են գալիս Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնություններում: Երկրորդ տեղում իսպանական «Բարսելոնան» է՝ 40 սան, երրորդ՝ ֆրանսիական «Լիոնը»՝ 31: «Այաքսն» այս ցանկում զբաղեցնում է 15-րդ տեղը՝ 21 սան:
Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից առավել արդյունավետ աշխատում Կիևի «Դինամոն», որի ակադեմիան այժմ ունի 80 ակտիվ սան, որոնցից 18-ը հանդես են գալիս հենց ակումբի առաջին թիմում:
Նշենք, որ հայկական ակումբների տվյալները բացակայում են, քանի որ Հայաստանի Պրեմիեր լիգան չի մտնում 48 առաջատար առաջնությունների շարքում: