Հայաստանի տղամարդիկ հաղթում են, իսկ կանայք՝ խաղաղություն կնքում. ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս»
Աջակցիր «Ա1+»-ինՄեն կղզում մեկնարկել է 2023 թվականի ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս» խոշոր մրցաշարը:
Տղամարդկանց մրցաշարին Հայաստանից մասնակցում են 6 շախմատիստ: Մեկնարկային տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևին, Գաբրիել Սարգսյանը՝ պարագվայցի Ակսել Բաչմանին, Հրանտ Մելքումյանը՝ իսրայելցի Ալոն Գրինֆելդին: Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանն ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի հետ, իսկ Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը պարտություն են կրել: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի իրանցի Պարհամ Մաղսուդլուի հետ: Մնացածը հանդե կգան սևերով: Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը ռուսաստանցի Եվգենի Նայերն է, իսկ Գաբրիել Սարգսյանինը՝ գերմանացի Նիկլաս Հյուշենբեթը:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Լևոն Արոնյանն առաջին տուրում հաղթել է նիդեռլանցի Մաքս Վարմերդամին: Այսօր նա սպիտակներով կհանդիպի բուլղարացի Իվան Չեպարինովի հետ:
Զուգահեռ ընթացող կանանց մրցաշարում Հայաստանից հանդես են գալիք Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը: Մեկնարկում նրանք ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար ուկրաինուհի Աննա Ուշենինայի և հունգարուհի Յուլյանա Տերբեի հետ: Երկրորդ տուրում համակարգչի որոշմամբ մեր շախմատիստուհիները կնստեն նույն խաղատախտակի առջև:
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 600 հազար դոլար: Բացի մրցանակներից խաղարկվելու են նաև եկող տարվա հավակնորդների մրցաշարի երկու ուղեգրեր: