Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik 25.10.
A A
Սպորտ

«Փյունիկը» մեծացնում է առավելությունը, «Ալաշկերտը» ձգտում է ետ չմնալ. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 13-րդ տուրի հերթական հանդիպումները:

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Փյունիկը» 3:1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ուրարտուին»: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Նախ աչքի ընկան «Փյունիկի» ֆուտբոլիստներ Հենրիքսը, Սանթոսը և Հարությունյանը (11մ հարված): «Ուրարտուն» պատասխան գոլը խփեց առաջին կեսին ավելացված ժամանակի 7-րդ րոպեին, Մաքսիմենկոյի ջանքերով:

Երկրորդ խաղակեսը չնայած անցավ հյուրերի տարածքային առավելությամբ, սակայն խաղի հաշիվը մնաց անփոփոխ՝ 3:1: Ավաղ, հանդիպման ավարտից հետո «Փյունիկի» ֆաները դարձյալ ծխարձակող ճայթրուկ օգտագործեցին և մարզադաշտը ծածկեցին կարմրագույն և տհաճ հոտ ունեցող ծխով:

Զուգահեռաբար կայացած խաղում «Ալաշկերտը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ: Միակ գոլը 78-րդ րոպեին խփել է Խուրցիձեն:

Այս խաղերից հետո «Փյունիկը» վաստակեց 33 միավոր և էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: Երկրորդ տեղում գտնվող «Ուրարտուն» արդեն ետ է մնում 7 միավորով: «Արարատ-Արմենիան» 26 միավորով 3-րդն է, իսկ «Ալաշկերտը» 25-ով՝ չորրորդը:

Վաղը տեղի կունենա տուրի վերջին հանդիպումը: Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում կընդունի «Նոային», որը 21 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: