«Ռեալը» և «Բավարիան» անկասելի են, «Ինտերը» տոնում է 2-րդ հաղթանակը. Չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան 3-րդ տուրի առաջին ութ հանդիպումները:
Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան» տարան երրորդ անընդմեջ հաղթանակը և մեկ ոտքով արդեն գտնվում են փլեյ-օֆֆում: Իսպանական ակումբը հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել պորտուգալական «Բրագայի» նկատմամբ: Մադրիդցիներն արդեն 9 միավորով գերազանցում են վերջին տեղում գտնվող «Ունիոնին», որն ընթացիկ տուրում իր հարկի տակ պարտվել է «Նապոլիին»՝ 0:1: Իտալական ակումբը չորրորդ անգամ անընդմեջ հաղթել է գերմանական թիմին, ընդ որում այդ խաղերում նեապոլցիները գոլ բաց չեն թողել:
«Բավարիան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթել է «Գալաթասարային»: Մյունխենցիներն արդեն 5 միավորով առաջ են 2-րդ տեղում գտնվող թուրքական ակումբից: Այս խմբում առաջին երեք միավորները վաստակեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեց դանիական «Կոպենհագենին»:
D խմբում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին Միլանի «Ինտերն» ու «Ռեալ Սոսիեդատը»: Իտալական ակումբը սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Ավստրիայի չեմպիոն «Զալցբուրգին»: Միլանցիների կազմում հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպման առաջին խաղակեսին, որից հետո նա փոխարինվել է: Իսպանական ակումբը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային», որը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց և արդեն 7 միավորով ետ է մնում «Ինտերից» ու «Ռեալ Սոսիեդադից »:
B խմբում աղյուսակը գլխավորում է Լոնդոնի «Արսենալը», որը հյուրընկալվելիս հաղթել է իսպանական «Սևիլյային» և վաստակել 6 միավոր: Նրան հաջորդում է ֆրանսիական «Լանսը», որն այս տուրում իր հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց ՊՍՎ-ի հետ և վաստակեց 5 միավոր: Ի դեպ, նիդեռլանդական ակումբը վերջին անգամ մրցակցի հարկի տակ հաղթանակ տարել է 16 տարի առաջ, 2007 թվականին, Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Երկու շաբաթ հետո նույն թիմերը կրկին կհանդիպեն իրար հետ, սակայն դաշտի տերերն արդեն կփոխվեն: