Այսօր՝ Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան. 13-րդ դիմակայությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմի հետ: Խաղը կկայանա Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում:
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները բոլորից շատ հանդիպել են հենց իրար հետ՝ 12 անգամ: Նախկինում բոլոր խաղերն էլ պաշտոնական են եղել: Սա երկու թիմերի առաջին ընկերական հանդիպումն է:
Նախկինում կայացած 12 խաղերում Հայաստանի հավաքականը տարել է 4 հաղթանակ, 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, իսկ 5-ում կրել պարտություն: Հայ երկրպագուների համար հատկապես հիշարժան էր վերջին խաղը, երբ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ Երևանում 0:5 հաշվով ջախջախից պարտություն կրեց երիտասարդացված կազմով հանդես եկող Հյուսիսային Մակեդոնիայից:
Այդ խաղից հետո հյուսիսմակեդոնացիներն անցկացրել են երեք ընկերական հանդիպում, որոնցում տարել են մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի: Հայաստանի ընտրանին այդ առումով գերազանցում է մրցակցին: Մեր թիմն ընկերական 5 հանդիպում է անցկացրել այդ ընթացքում, որից մեկում հաղթել է, երկուսում պարտվել և 2 խաղ ավարտել ոչ-ոքի: Ավաղ, այդ հանդիպումների ժամանակ Հայաստանը կրել է իր ամենախոշոր հաշվով պարտությունը, Նորվեգիայում ՝ 0:9:
Ըստ բուքմեյքերների այսօրվա հանդիպման ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է, որի հաղթանակը 1,75 գործակից է՝ Հայաստանի թիմի 4,20-ի դիմաց:
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան ընկերական խաղը կմեկնարկի ժամը 17-00-ին: