«Հայկի նետեր» մրցաշարը վերադարձավ միջազգային ուղեծիր
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 10-16-ը Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որի տարբեր տարիքային խմբերում մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Արաբական Միացյալ էմիրությունների շուրջ 80 մարզիկ-մարզուհի: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
«Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է 4 տարիքային խմբերում: Մինչև 12 տարեկան մարզիկները մասնակցել են 18 մետր, մինչև 16 տարեկան մարզիկները՝ 40 մետր, մինչև 20 տարեկան մարզիկները՝ 60 մետր, իսկ 21 տարեկանից բարձր մարզիկները՝ 70 մետր մրցաձևերում: Մրցաշարին Հայաստանի շուրջ 40 ներկայացուցիչ է մասնակցել:
Մեծահասակաների 70 մ մրցաձևում հաղթողի կոչմանն արժանացել է Վասիլ Շահնազարյանը: Աղջիկների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Ղազախստանի ներկայացուցիչ Մաբինա Զոյիմավան:
Մեծահասակների շրջանում անցկացվել են նաև թիմային մրցումներ: 70 մետր մրցաձևի տղաների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է «Երևան 1» թիմը, աղջիկների պայքարում՝ հայ և վրացի մարզուհիներից կազմված թիմը:
Ի դեպ, «Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է շուրջ 10 տարվա դադարից հետո: