Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բոլոր վարչական շրջաններում մեր քաղաքական ուժը ստացել է ամենաշատ ձայները․ Տիգրան Ավինյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց,  որ իրենց քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը որևէ կերպ չի ներազդել, որ ավագանու առաջին նիստին, որում պետք է քաղաքապետ ընտրեին, բավարար թվով անդամներ ներկայանային:

Նա այդ մասին ասաց՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ավինյանը քաղաքապետ է ընտրվել նաև նրա շնորհիվ, որ «Հանրային ձայն» խմբակցության անդամները մասնակցել են ավագանու առաջին նիստին, հիմա «Հանրային ձայն»-ի ընտրական ցուցակի առաջին համարի կինն ազատ է արձակվել, արդյոք դա՞ է խոստացվել մասնակցության դիմաց:

«Մենք առհասարակ նման առևտուրների մեջ չենք մտել և չենք պատրաստվում մտնել: Այն հարցերը, որոնք վերաբերում են քրեական դատավարություններին, քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց, չենք կարող առհասարակ առևտրի առարկա դարձնել, քանի որ առհասարակ այդ դաշտ չենք էլ մտնում»,-ասաց Ավինյանը:

Նա վստահեցրեց, որ այն, ինչ տեղի է ունենում դատական, իրավապահ համակարգում, տեղի է ունենում անկախ այն գործընթացներից, որոնք լինում են  քաղաքական դաշտում և ավագանու նիստերում:

«Ավագանու նիստերին մասնակցել-չմասնակցելու հետ կապված տարբեր ուժեր իրենց դիրքորոշումները հայտնել են հանրայնորեն: Մենք այդտեղ որևէ կերպ ոչ ներազդել ենք, ոչ առևտուր ենք արել որևէ մեկի հետ: Հատուկ շեշտել ենք, որ կա ուժերի տեսակ, ում հետ մենք որևէ կերպ որևէ գաղափար չենք կիսում և իրենց հետ նույնիսկ քննարկելու բան էլ չունենք»,-ասաց Երևանի քաղաքապետը:

«Բոլոր վարչական շրջաններում մեր քաղաքական ուժը ստացել է ամենաշատ ձայները»,- նշեց նա՝ անդրադառնալով ավագանու ընտրությունների արդյունքներին։

«Եթե բոլորիս շահն այնտեղ է, որտեղ Երևանի ու երևանցու շահն է, իրենց դժվար թե հետաքրքրի՝ ինչ ճանապարհով ընտրվեց քաղաքապետը, եթե ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել։ Եթե անգամ խնդիր ունենք, մենք ունենք․ իրենց խնդիրը չէ, ու դրանից քաղաքը չի տուժի։ Իսկ եթե տեսնենք, որ քաղաքը տուժում է, որևէ ուժ, որևէ անձ փորձում է խոչընդոտել Երևանի բարեփոխումները, դրան շատ կտրուկ լուծումներ կտանք»,- ասել է նա։