Այսօր՝ Լատվիա – Հայաստան. մեր թիմը ֆավորիտ է բոլոր առումներով, անգամ՝ աջակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղում այսօր Ռիգայում կհանդիպի Լատվիայի ընտրանու հետ:
Երկու երկրների ազգային թիմերը նախկինում հանդիպել են երեք անգամ: Այս տարվա ամռանը Երևանում կայացած ընտրական խաղում Հայաստանի հավաքականը հաղթել է 2:1 հաշվով: Մինչ այդ կողմերն անցկացրել էին երկու ընկերական խաղեր: 2009թ Կիպրոսում կայացած միջազգային մրցաշարում կողմերը գրոսմայստերական ոչ-ոքի էին խաղացել՝ 0:0, իսկ հինգ տարի անց Ռիգայում կայացած ընկերականում Լատվիայի ընտրանին Վալերի Շաբալայի դուբլի հաշվին հաղթանակ էր տարել 2:0 հաշվով:
Թիմերի թվով 4-րդ հանդիպումը սպորտային առումով անչափ կարևոր նշանակություն ունի հյուրերի համար: Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո վաստակել է 7 միավոր և այժմ Ուելսի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Մեր թիմն ընդամենը 3 միավորով է ետ մնում խմբի երկու առաջատարներից՝ Խորվաթիայից ու Թուրքիայից, որոնք այսօր հանդիպելու են իրար հետ: Ուստի, հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը շանս ունի հասնելու առաջատարներից մեկին, կամ ընդհուպ մոտենալ նրանց, եթե դրանք ոչ-ոքի խաղան:
Լատվիայի հավաքականը 5 անընդմեջ պարտություն է կրել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում և արդեն դուրս է մնացել ուղեգրի համար պայքարից: Այդ իսկ պատճառով լատվիացի ֆաները այսօր բոյկոտելու են հանդիպման առաջին խաղակեսը՝ դրանով պահանջելով հավաքականի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակևիչի հրաժարականը: Ի դեպ, ըստ նախնական տվյալների, խաղին սպասվում է մոտ 900 հայ երկրպագուների ներկայություն: Լատվիայի հավաքականը, այնուամենայնիվ, ձգտելու է հաղթանակի, որպեսզի չկրկնի 2016թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հակառեկորդը, երբ թիմն ոչ մի հաղթանակ չէր տարել:
Բուքմեյքերները Լատվիա – Հայաստան հանդիպման ֆավորիտ են համարում մեր հավաքականին, քանի որ ընթացիկ մրցաշարում այն դեռևս պարտություն չի կրել արտագնա խաղերում. հաղթանակ Ուելսի նկատմամբ՝ 4:2, և ոչ-ոքի Թուրքիայում՝ 1:1: Հայաստանի հավաքականի հաղթելու հնարավորությունները 3 անգամ բարձր են համարում այսօրվա խաղում:
Հիշեցնենք, որ Լատվիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20-00-ին: