Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ․ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով նաև Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի գործով, դատարանում Հայաստանի միջանկյալ միջոցի դիմումի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։ 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան տվյալ գործի հետ կապված որոշման կայացումը․

1․ Ադրբեջանը պետք է չձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են առաջացնել միջազգային կոնվենցիայով իր պարտավորությունների խախտումներ։

2․ Ադրբեջանը չպետք կատարի գործողություններ, որոնց նպատակն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղահանել Լեռնային Ղարաբաղում մնացող հայազգի անձանց, կամ կանխել վերջին ռազմական հարձակումների ընթացքում տեղահանված անձանց արագ և ապահով վերադարձը իրենց տներ, այդ թվում՝  նրանց, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ երկրներ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը պետք է առանց խոչընդոտի թույլատրի նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Լեռնային Ղարաբաղից։

3․ Ադրբեջանը պարտավոր է ռազմական և իրավապահ ողջ անձնակազմը հեռացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բոլոր բնակավայրերից, որոնք զբաղեցվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։

4․ Ադրբեջանը պետք է օգնի և խոչընդոտ չառաջացնի, որպեսզի ՄԱԿ-ը և նրա մասնագիտացված կազմակերպությունները կարողանան աշխատել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ։ Ադրբեջանը չպետք է որևէ կերպ միջամտի նրանց գործունեությանը։

5․ Ադրբեջանը պետք է օգնի և որևէ կերպ չխոչընդոտի, որպեսզի «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն կարողանա օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Ադրբեջանը պարտավոր է համագործակցել «Կարմիր խաչի» հետ, որպեսզի հաղթահարվեն վերջին հակամարտության մյուս հետևանքները։

6․ Ադրբեջանը պարտավոր է անմիջապես ապահովել կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի մատակարարման լիարժեք վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և պետք է ապագայում դրանք չխաթարի։

7․ Ադրբեջանը պարտավոր է պատժիչ գործողություններ չձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ։

8․ Ադրբեջանը չպետք է ձևափոխի կամ ոչնչացնի որևէ հուշարձան՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին կամ որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային վայր, որ դեռ կա Լեռնային Ղարաբաղում։

9․ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել և օրինական համարել քաղաքացիական գրանցամատյանները, անձը հաստատող փաստաթղթերը, գույքի նկատմամբ իրավունքները և ռեգիստրները, որոնք ստեղծված են եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից։ Ադրբեջանը պարտավորված պետք է լինի չոչնչացնել և չբռնագրավել այդ մատյաններն ու փաստաթղթերը։

10․ Ադրբեջանը պարտավոր է ՄԱԿ-ի դատարանին հաշվետվություններ ներկայացնել այն բոլոր միջոցառումների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկի տվյալ կարգադրությունն իրագործելու ուղղությամբ, որոշման կայացումից մեկ ամսվա ընթացքում, որից հետո յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, մինչև որ դատարանն այս գործով կայացնի վերջնական որոշում։