Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները հետապնդողի դերում են. արագ շախմատի Մ-20 ԱԱ

Իտալիայում ընթանում է արագ և կայծակնային շախմատի 2023թ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը:

Արագ շախմատի տղաների մրցաշարում արդեն կայացել են առաջին 7 տուրերի պարտիաները: Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և գտնվում է 5-րդ հորիզոնականում: Եթե նա ընթացիկ պարտիայում պարտություն չկրեր սլովակցի Յան Սուբելյից, ապա տեղ կզբաղեցներ առաջին եռյակում:

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 4,5 միավորով բաժանում է 8-13-րդ տեղերը: Նա պարտվել է միայն ադրբեջանցի Մահամադ Մուրադլիին, որին ավելի շուտ հաղթել էր Ռոբերտ Փիլիպոսյանը:

Մրցաշարային աղյուսակը վստահ գլխավորում է գերմանացի միջազգային վարպետ Տոբիաս Կոլեն, որը 7 հնարավորից ունի 6,5 միավոր:

 

Վաղը կկայանան վերջին չորս տուրերի պարտիաները: Ռոբերտ Փիլիպոսյանը 8-րդ տուրում սպիտակներով կմրցի ղազախստանցի Արիստան Իսանժուլևի, իսկ Մամիկոն Ղարիբյանը՝ հնդիկ գրոսմայստեր Ռաունակ Սադվանու հետ:

 

Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-15-ը: