Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երեւանի ավագանին քաղաքապետ է ընտրում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

Օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրություն, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերն են։

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին ավագանի է անցել հինգ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ Փաստացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների ամենաբարձր՝ 32.5 տոկոսը, բայց միայնակ չի կարող քաղաքապետ ընտրել։

Երեկ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարեցին, որ չեն մասնակցելու ավագանու այսօրվա նիստին՝ նոր ընտրությունների հասնելու նպատակով։

«Մայր Հայաստան» դաշինքը նաև կոչ արեց անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով «ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար»։

Նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, որի գլխավորած ուժը ամենաքիչ՝ 7 մանդատ կունենա ավագանիում, հայտարարել է, որ նոր ընտրությունների գնալ չի պատրաստվում, հետևաբար «Հանրային ձայն»-ը չի բոյկոտելու ավագանու նիստը։

Անցած ամսվա քվեարկությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը 24 մանդատ ունի ավագանիում՝ նրանց պակասում է ևս երեք ձայն։ Այս դեպքում առանցքային է, թե ինչպես կքվեարկի Արամ Սարգսյանի «Հանրապետություն»-ը։ Այս կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը նախօրեին «Ազատությանը» հայտնեց՝ թեկնածուի հարցով որոշում չունեն, բայց հստակ է՝ կմասնակցեն նիստին։