ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի հայերին
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին կոչ է անում մեծացնել միջազգային աջակցությունն ու մարդասիրական օգնությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100,000 արցախահայերին։
Մարդասիրական կարիքները պետք է մնան գլխավոր առաջնահերթությունը, և միջազգային դոնոր հանրությունը պետք է շարունակի ակտիվորեն ցուցաբերել համերաշխություն և պատասխանատվություն կիսել Հայաստանին աջակցելու համար, քանի որ նրա կառավարությունը արձագանքում է այս զարգացող մարդասիրական ճգնաժամին, - ասել է նա։
ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ և կարծում է, որ միջազգային հանրության շարունակական ներգրավվածությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: Ըստ նրա` տեղում միջազգային ներգրավվածության վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կբերի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ Օսմանին հիշեցնում է Ադրբեջանի հրապարակային հայտարարությունները հայ բնակչության ինտեգրման և տեղահանված բնակչության վերադարձի հեռանկարների վերաբերյալ։
Լեռնայի Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը՝ ԵԱՀԿ-ի իր պարտավորություններին համապատասխան, Ադրբեջանի պարտականությունն է, - ասել է նա, -Վեճերը լուծելու համար դիվանագիտական բանակցությունների ընթացքում ուժի կիրառումը միշտ անընդունելի է և խոչընդոտում է արժանապատիվ և ներառական խաղաղության հեռանկարներին :
Գործող նախագահ Օսմանին աջակցում է երկրների միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրին ուղղված քաղաքական գործընթացների շարունակմանը։
ԵԱՀԿ-ն և նրա համապատասխան կառույցները, իրենց մանդատի շրջանակներում, պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում՝ տարածաշրջանում արդար, երկարատև, արժանապատիվ և ներառական խաղաղության հասնելու համար, կազմակերպության արժեքներին և պարտավորություններին համապատասխան, - ասված է հայտարարության մեջ։