Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_DSC02190
A A
Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին եւ մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղ այցի և հրապարակված մամուլի հաղորդագրության առնչությամբ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցիչ և գրասենյակի ղեկավար Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Փոխվարչապետ Խաչատրյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և հրապարակված մամուլի հաղորդագրության առնչությամբ՝ ընդգծելով, որ դրա ձևաչափը և բովանդակությունը չէին համապատասխանում հայկական կողմի ակնկալիքներին ՄԱԿ միջգերատեսչական փաստահավաք առաքելության գործուղման վերաբերյալ: Ընդգծվել է, որ նման ուշացած այցը կարող էր միայն արձանագրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականության հետևանքները։ 

Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ներկայացվել են առավել խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների, բուժառուների առողջական, սոցիալական, հոգեբանական և այլ կարիքները՝ հույս հայտնելով, որ դրանց արձագանքելու գործընթացում ՄԱԿ-ի գործակալությունները ակտիվ ներգրավվածություն կցուցաբերեն: