Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանը պատերազմի նախապատրաստվել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

 

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր դիտարկումներն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ:

Ըստ նրա` վերջին օրերին կային որոշակի սպասումներ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, եւ շատերի մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման խնդիրը կամ խոչընդոտը եղել է Լեռնային Ղարաբաղը, եւ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո այդ հարցը փաստացի լուծվել է:

«Իրականության մեջ Հայաստան-Ադրբեջան այդ «խաղաղության պայմանագիրը», միայն Լեռնային Ղարաբաղի բլոկը չէր, կան մեծ թվով խնդիրներ, որոնք, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խնդիրներ էին առաջացնում եւ, բնականաբար, խոչընդոտում էին այդ պայմանագրի ստորագրմանը: Առաջին հիմնական խնդիրներից մեկը սահմանների ճշգրտման հետ կապված գործընթացն է, որի հետ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները բավականին տարբերվում են: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն այս ընթացքում փորձել է առաջ բերել տարբեր կեղծ քարտեզներ: Ադրբեջանը` որպես սկզբունք չի ուզում հիմք ընդունել մեկ քարտեզ, առաջ է բերում, այսպես կոչված, սկզբունքներ, որոնք որեւէ իրականության կամ բանակցային հիմքով չեն կարող լինել»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա` երկրորդը կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցերն են, եւ Ադրբեջանը դրա տակ փորձում է առաջ մղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հանգամանքը, եւ բնականաբար, այս թեման եւս մեծ խոչընդոտներ է ստեղծում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում` հնարավոր ստորագրվելիք փաստաթղթերում:

«Լեռնային Ղարաբաղի հարցը, ըստ էության, այս ժամանակահատվածում կեղծ ձեւով է առաջ բերվել որպես խոչընդոտ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում այդ պայմանագրի ստորագրմանը»,- նշել է պատգամավորը` հավելելով, որ պատերազմը, էթնիկ զտումները, բռնի տեղահանությունները եւ այլն, իրավիճակի որեւէ լիցքաթափման չեն բերել եւ որ ռազմաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ բավականին ծանր:

Ի պատասխան լրագրողի` Ազգային կոմիտեի լուծարման եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախորդ օրը հայտարարած քաղաքական շարժման նոր սկզբի վերաբերյալ հարցերին` «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը պարզաբանել է. «Անկեղծ ասած` առաջին անգամ եմ լսում, որ Ազգային կոմիտեն լուծարվում է, որքան տեղյակ եմ այդ կոմիտեն իր աշխատանքները շարունակում է»:

Պաշտպանության նախկին նախարարի հայտարարության առնչությամբ էլ նշել է, որ իր համար այդ հանգամանքը երկրորդական հարց է: