Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները` համապատկերում առանձնացնելով Հայաստանին եւ ԼՂ հայերին առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս պահին Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տարհանվում հազարավոր մարդիկ: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն առայժմ սեփական ուժերով կարողանում է բավարարել փախստականների կարիքները, գուցե շուտով հարկավոր լինի նաեւ բարեկամ պետությունների օժանդակությունը: Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. խաղաղ հարաբերությունների հաստատում, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:
Իոաննիս Պլակիոտակիսը նշել է, որ Հունաստանը հանձնառու է միջազգային իրավունքի կիրարկմանը եւ առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան ու պահանջելով միջանցքի շուտափույթ բացումը: Նա հավելել է, որ ամբողջությամբ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը:
Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ հաստատված ամուր եւ բարեկամական հարաբերությունները: Մտքեր են փոխանակվել միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում օրենսդիր մարմինների ներկայացուցիչների արդյունավետ համագործակցության կարեւորության, բարձրաստիճան փոխայցեր իրականացնելու անհրաժեշտության շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի պաշտոնական այցով Հայաստան այցելելու մասին: Ընդգծվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափը` երկուստեք արձանագրելով համագործակցության արդյունքում երեք երկրների կենսական շահերի առաջմղումը: