«Մեր քաղաքական ուժը կարծում է, որ Հայաստանում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն». Մարության (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը այսօր հայտարարեց, որ կողմ է Հայաստանում իշխանափոխությանը՝ ընդգծելով՝ «իշխանափոխությունը պետք է լինի ընտրությունների միջոցով»:
Հայկ Մարությանն անդրադառնալով Երևանի քաղաքապետի ընտրությանը նշեց, որ «Հանրապետություն» կուսակցությունից դեռ չի ստացել որևէ արձագանք իր առաջարկի վերաբերյալ, ասելով. - «Հանրապետություն» կուսակցությունը չի արձագանքել, որը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք միանալու են «Քաղաքացիական պայմանագրին» և փորձելու են կազմել քաղաքային իշխանություն:
Սա նշանակում է, եթե իրենք այդպես անեն, ապա այն մարդիկ, որոնք ընտրել են «Հանրապետությանը», փաստացի ընտրել են «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուին: Եթե «Հանրապետությունը» միանա «Քաղաքացիական պայմանագրին», իրենք կունենան 32 մանդատ, իսկ քաղաքային իշխանություն կազմելու համար պետք է 33 մանդատ: Իսկ 33 մանդատ ունի իրական ընդդիմությունը»:
Ավելի վաղ Հայկ Մարությանը ընդդիմությանն առաջարկել էր իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում կամ գնալ նոր ընտրությունների: Արձագանքելով «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության արած հայտարարություններին, Մարությանը հիշեցրեց, որ «Մայր Հայաստան» դաշինքը հրապարակավ հայտարարել է, որ ուզում են իրենց քաղաքական ուժից լսել, որ իրենք կողմ են ամբողջական իշխանափոխության:
«Մենք բազմիցս դա հայտարարել ենք, որ մեր թիմը, մեր քաղաքական ուժը կարծում է, որ՝ այո, Հայաստանում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն», - նշեց Մարությանը: «Հանրային ձայն» կուսակցությունը հայտարարեց, որ համաձայն է մեր պայմանին, բայց մի պայմանով, որ Վերահսկողության վարչության պետի պաշտոնը տրվի իրենց կուսակցությանը: Բացարձակ ոչ մի դեմ բան չունենք դրա հետ, բայց այստեղ մի հատ կարևոր բայց կա, որ քանի որ վարչության պետը համայնքային ծառայող է, իսկ համայնքային ծառայողներին նշանակելու համար լինում է մրցույթ: Սա նշանակում է մենք չենք կարող այդ պաշտոնը խոսք տալ որևէ քաղաքական ուժի: Երբ մենք կլինենք իշխանություն, կհայտարարենք մրցույթ, խնդրեմ, եթե ունեք լավ մասնագետ, եկեք մասնակցեք մրցույթին, հաղթեք և ես մեծ հաճույքով կնշանակեմ նրան: Եվ թող իր ստուգումները սկսի հենց ինձանից», - ասաց Հայկ Մարությանը: