Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

 ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում են ստանում Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում․ նախարար (տեսանյութ)

ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կենտրոնից ստացված տվյալների համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների տեղաբաշխման կայաններում հաշվառվել է 20 հազար 270 անձ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Հաշվառումից հետո տեղի է ունենում տեղաբաշխում։ Քաղաքացիները սկզբում մուտք են գործում Կոռնիձորի հումանիտար կայան, այնուհետև Գորիսում տեղի է ունենում հաշվառումը։ Գորիսում արդեն իսկ լուծվել է 650 անձի կեցության հարց, Սիսիանում` 169, Տաթևում` 171, Կապանում` 324, Մեղրիում` 19։ Սյունիքի մարզում, ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ։ Վայոց Ձորի մարզում տեղահանված անձանցից 532-ի կեցության հարցն է լուծվել, Գեղարքունիքի մարզում` 752-ի, Տավուշում` 268-ի»,-ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, պետությունը 2850 անձի կեցության հարց է հոգացել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում են ստանում Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում: 

«Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբաններին միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր կարիքները մեկ վայրում հնարավոր լինի ապահովել»,-ասաց նախարարը: