Բացել լրահոսը Փակել լրահոսը
16952967198839
A A
Պաշտոնական

Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ նախարար Միրզոյանը նշել է, որ այն հաջորդում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 9 ամիս տևած արգելափակմանը, որի նպատակը ևս ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելն էր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը պետք է միատեսակ դատապարտվի ամենուր։

Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին։

Քննարկվել են նաև Հայաստանի և Ալբանիայի միջև քաղաքական երկխոսության և երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման հարցեր՝ երկուստեք արձանագրելով մի շարք ուղղություններով համագործակցությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը։